Քաղաքականություն
16.07.2026 | 20:23
Ռուսաստան ժամանող միգրանտները պարտավոր կլինեն նոր բջջային հեռախոս գնել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՆԳ փոխնախարար Իգոր Զուբովը Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նիստում, հաղորդում է ՌԲԿ-ն։
«Բոլորին հետաքրքրում է, թե ինչ է սպասվում ապագայում, ուր ենք մենք գնում: Այստեղ եկող յուրաքանչյուր միգրանտ, հատկապես նրանք, ովքեր գալիս են աշխատանքի կամ երկարաժամկետ հեռանկարով, պարտավոր կլինեն հեռախոս գնել: Այդ հեռախոսը կպարունակի նրանց էլեկտրոնային պրոֆիլը: Եվ մենք կիմանանք յուրաքանչյուր միգրանտի գտնվելու վայրը: Նրանք չեն կարողանա առանց հսկողության տեղափոխվել մեկ բնակավայրից մյուսը կամ փոխել իրենց բնակության վայրը: Սա կլինի հիմքը»,- հայտարարել է Զուբովը:
Նա հավելել է, թե նման հեռախոսի առկայությունը նաև թույլ կտա միգրանտներին նախազգուշացնել, օրինակ, փաստաթղթերի ժամկետանց լինելու կամ որևէ տեղ հրավիրվելու անհրաժեշտության մասին:
«Եվ ոչ մի անսպասելիություն, եթե անձն ինչ-որ բան բաց է թողել կամ չգիտեր»,- հավելել է փոխնախարարը։
2025 թվականի սեպտեմբերի 1-ից Մոսկվայի մարզում սկսվել է Amina բջջային հավելվածի փորձարկումը։ Այն թույլ է տալիս Ներքին գործերի նախարարությանը հետևել անձի գտնվելու վայրին՝ փոխանցելով նրա աշխարհագրական դիրքը։ Դրա օգտագործումը պարտադիր է առանց վիզայի Ռուսաստան ժամանող չափահաս միգրանտների համար։
ՆԳՆ-ի տվյալներով՝ դեկտեմբերի կեսերին ավելի քան 139,000 մարդ հեռացվել է միգրացիոն գրանցումից, քանի որ Amina-ն չի ունեցել նրանց աշխարհագրական դիրքի տվյալները։ Անձը հեռացվում է գրանցումից, եթե նրա գտնվելու վայրը համակարգում չի մուտքագրվել ավելի քան երեք աշխատանքային օրվա ընթացքում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի