Դատախազությունը «Արարատցեմենտ»-ում ընդերքօգտագործման խախտումներ է հայտնաբերել․ նյութերն ուղարկվել են քննության

Հասարակություն

16.07.2026 | 14:46

ՀՀ գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է հնարավոր խախտումներ՝ կապված ընդերքօգտագործման թույլտվությունների և պարտավորությունների կատարման հետ։ Հայտնաբերված առերևույթ հանցանքի հատկանիշներով հաղորդում է ներկայացվել քննչական մարմին։

«Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրելով «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացը, հայտնաբերել է մի շարք խախտումներ:

Մասնավորապես.

«Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը 2008 թվականից սկսած՝  տրավերտինի և կավի արդյունահանման նպատակով Լիազոր մարմնից ստացել է ընդերքօգտագործման թույլտվություն, որի կոորդինատներում ընդգրկվել են Արարատի մարզի համայնքներում գտնվող տարբեր նպատակային նշանակության հողամասեր:

Այնուհետև Ընկերությունը, տարեկան վարձավճարները և գույքահարկի գծով պարտավորությունները չկատարելու նպատակով, խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, իրականացրել է ապօրինի ընդերքօգտագործում:

Դատախազը, հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի հուլիսի 16-ին հաղորդում է ներկայացրել իրավասու քննչական մարմին:

«Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի ձեռքբերման իրավաչափությունները պարզելու նպատակով Դատախազության կողմից նախաձեռնված ուսումնասիրությունները շարունակվում են»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրությունում։

Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ՝ «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը։

Leave a comment