Չինական էլեկտրամոբիլների արտադրող Xpeng-ը նախատեսում է 2027 թվականին համաշխարհային շուկա դուրս բերել իր IRON մարդանման ռոբոտները, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ ընկերությունը մտադիր է մինչև 2026 թվականի վերջ IRON ռոբոտների արտադրական հզորությունները հասցնել ամսական ավելի քան 1000 միավորի։
2027 թվականի առաջին եռամսյակից այս ռոբոտները կսկսեն աշխատել որպես վաճառքի խորհրդատուներ Xpeng-ի ավտոսրահներում Չինաստանում, իսկ նույն տարվա ընթացքում՝ նաև ընկերության արտասահմանյան ավտոսրահներում։
Այն մասին, որ Xpeng-ի մարդանման ռոբոտները սկզբնական փուլում կաշխատեն որպես վարչական օգնականներ կամ վաճառքի խորհրդատուներ, ապրիլին Reuters-ին հայտնել էր ընկերության նախագահ Բրայան Գուն։ Նրա խոսքով՝ առաջիկա 10-20 տարիների ընթացքում այդ ռոբոտների կիրառման ոլորտները զգալիորեն կընդլայնվեն, և այս բիզնեսը կարող է նույնիսկ գերազանցել Xpeng-ի ավտոմոբիլային բիզնեսի մասշտաբը։
IRON ռոբոտները ներկայացվել էին անցյալ տարվա նոյեմբերին։ Այն ժամանակ հաղորդվել էր, որ դրանք կաշխատեն Xpeng-ի սեփական մշակման չիպերի վրա, կհամալրվեն պինդ վիճակի մարտկոցով, ինչպես նաև ընկերությունը նախատեսում է առաջարկել արտադրանքի առանձին բաղադրիչների անհատականացման տարբերակներ, այդ թվում՝ մարմնի ձևի և սանրվածքի ընտրության հնարավորություն։
Morgan Stanley-ի կանխատեսմամբ՝ Չինաստանում մարդանման ռոբոտների ընդհանուր մատակարարումները այս տարի կհասնեն 50.000 միավորի, իսկ հաջորդ տարի՝ 100.000 միավորի։
Xpeng-ը նաև մշակում է ռոբոտաքսիներ և թռչող ավտոմեքենաներ։