Շաուրմա ուտելու չելենջը կարող է վնասակար լինել առողջության համար, այդ թվում՝ առաջացնել սննդային խանգարումներ և հանգեցնել սննդային անբավարարության, «Մոսկովսկի 24»-ին ասել է դիետոլոգ, սննդաբան և թերապեւտ Ալեքսանդրա Ռազարենովան՝ մեկնաբանելով տեսանյութը, որում մոսկվացի մի բնակչուհի նկարագրում է յուրահատուկ մարտահրավեր, որի համաձայն նա 30 օր շաուրմա է կերել։
Հեղինակը հայտնել է, որ այս «դիետայի» արդյունքում հաջողել է նիհարել և իջեցնել խոլեստերինի մակարդակը 6.26-ից մինչև 5.57 մմոլ/լ։ Սակայն բժիշկը զգուշացրել է, որ կարևոր է զգուշորեն մեկնաբանել անհատական առողջական ցուցանիշները։ Նրա խոսքով՝ խոլեստերինի նվազումը և մարմնի շրջագծի նվազումը 30 օրվա ընթացքում չեն նշանակում, որ շաուրման առողջ սնունդ է։
«Կարևոր է հասկանալ. մարմնի քաշի վրա ազդում է ոչ թե որևէ կոնկրետ ուտեստ, այլ ընդհանուր էներգետիկ հաշվեկշիռը։ Օրինակ, եթե կինը փորձից առաջ բարձր կալորիականությամբ սննդակարգ ուներ, պարբերաբար խորտիկներ էր ուտում, հաճախակի օգտագործում էր շաքարային ըմպելիքներ և արագ սնունդ, ապա անցնում էր շաուրմայի՝ նվազեցնելով իր ընդհանուր կալորիականությունը, ապա նա իսկապես կարող էր քաշ կորցնել», – ասել է Ռազարենովան։
Մասնագետն ընդգծել է, որ խոլեստերինի մակարդակի վրա ազդում են բազմաթիվ գործոններ, ոչ միայն սննդակարգը։ Օրինակ՝ մարմնի քաշը, ֆիզիկական ակտիվությունը, գենետիկան, քունը և սթրեսի մակարդակը։ Բացի այդ, շաուրմայի առողջության համար օգտակար հատկությունները կարող են տարբեր լինել՝ կախված նրանից, թե ինչպես է այն պատրաստվում։ Ընդհանուր առմամբ, միայն այս ուտեստից բաղկացած սննդակարգը չի ապահովում անհրաժեշտ սննդային բազմազանությունը և կարող է հանգեցնել մանրաթելերի, վիտամինների և միկրոէլեմենտների անբավարարության, ինչպես նաև աղի և հագեցած ճարպերի ավելցուկի։