«ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը 49 տարով կառուցապատման իրավունք կստանա, ԱՄՆ-ին կպատկանի բաժնեմասերի 74%-ը, իսկ ՀՀ-ին՝ 26%-ը»

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ 

«Այս որոշմամբ մենք, ըստ էության, սկսում ենք ՀՀ եւ ԱՄՆ միջեւ ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը։ Որոշման ընդունմամբ մենք նախագիծը սահմանված կարգով կուղարկենք ՀՀ Սահմանադրական դատարան։ Եվ ՍԴ կողմից նշած միջազգային պայմանագրում ՀՀ Սահմանադրությանը չհակասող դրույթներ արձանագրելու որոշման պարագայում՝ սահմանված կարգով քննարկումը կտեղափոխենք ԱԺ։ Այս համաձայնագիրն ամբողջովին համահունչ է ոչ միայն հանրահռչակված սկզբունքներին եւ ստորագրված սկզբունքներին, այլեւ շրջանակային համաձայնագրում բազմիցս հղում է արվում եւ օգոստոսի 8-ի, եւ հունվարի 13-ի փաստաթղթերին, եւ նաեւ որոշակի մանրամասներ կան։ Առաջ անցնելով՝ ուզում եմ ասել, որ, ըստ էության, մենք ԹՐԻՓՓ-ի հիմնադրման փաստաթղթային գործընթացն ավարտելու համար առջեւում ունենք եւս երկու փաստաթուղթ, դա բաժնետերերի համաձայնությունը կլինի՝ բաժնետերերի միջեւ պայմանագիրը, եւ կլինի արդեն ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ձեռնարկության կանոնադրությունը։ Մենք այժմ աշխատում ենք այդ փաստաթղթերի վրա»,- կառավարության նիստում ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ այս համաձայնագրի կնքմամբ արձանագրվում է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն նպատակ ունեն տրանսպորտային ենթակառուցվածքների, տարածաշրջանային եւ գլոբալ առեւտրի զարգացման ճանապարհով նպաստել ու ամրապնդել Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը։

«Նաեւ ուզում եմ նշել, որ ողջ գործընթացը, եւ հետագա գործունեությունը, եւ այս համաձայնագիրն ամբողջությամբ համահունչ են եւ իրականացվում են ՀՀ ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ։ Այս մասին էլ բազմաթիվ ամրագրումներ ու արձանագրումներ կան փաստաթղթում»,- ասաց Միրզոյանը։

Համաձայնագրով Հայաստանն ու ԱՄՆ հիմնադրում են ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը, որը կկարողանա ՀՀ տարածքում առանձին նախագծերի համար հիմնադրել հատուկ նշանակության ընկերություններ, ներգրավել այլ գործընկերներ։ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը, Միրզոյանի խոսքով, կստանա հողօգտագործման ու կառուցապատման իրավունք, որը կգործի նախնական 49 տարով։ Եվ այս ժամկետում ընկերությունում բաժնեմասերը կբաշխվեն հետեւյալ կերպ՝ ԱՄՆ-ին կպատկանի բաժնեմասերի 74 տոկոսը, իսկ ՀՀ-ին՝ 26 տոկոսը։

«Եվ, ահա, այս նախնական ժամկետի՝ 49 տարին լրանալուց հետո հնարավորություն կա կողմերի համաձայնությամբ երկարացնել համագործակցությունը եւ ժամկետը եւս 50 տարով։ Երկարացման պարագայում արդեն կապահովվի, որ ՀՀ-ն ունենա ընկերության բաժնեմասերի 49 տոկոսը։ Այդ 49 տոկոս բաժնեմասը ստանալու համար ՀՀ-ն որեւէ լրացուցիչ քայլ կամ պարտավորություն չի ստանձնելու։ ՀՀ-ն կպահպանի իր լիարժեք ինքնիշխանությունը եւ լիիրավ իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության, ՀՀ տարածքում իրականացվող բոլոր մաքսային գործընթացների նկատմամբ»,- հավելեց Միրզոյանը։ Նա նշեց, որ սա փարատում է բոլոր հնարավոր մտահոգությունները, որոնք կարող էին առաջանալ Հայաստանի հանրության շրջանում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment