Ի՞նչ է նշանակում՝ «TRIPP-ի մուտքային եւ ելքային հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում»

Սկիզբը՝ այստեղ:

Բաքուն ԱՄՆին ներկայացնում է որպես երկիր, որը նպաստում է Ադրբեջանի պահանջած հաղորդակցային համակարգի ձեւավորմանը 

«Խաղաղության հաջող գործընթացից» մինչեւ՝ նախապայմաններ

Վերջին շաբաթներին Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հայտարարությունները, ինչպես նաեւ Թուրքիայի ղեկավարության հնչեցրած գնահատականները ցույց են տալիս, որ Անկարան եւ Բաքուն շարունակում են գործել միասնական ռազմավարությամբ։ Անկարայի ու Բաքվի ընդհանուր նպատակը նույնն է՝ Հարավային Կովկասում ձեւավորել այնպիսի տարածաշրջանային համակարգ, որտեղ առանցքային դերակատարները կլինեն Թուրքիան եւ Ադրբեջանը, իսկ Հայաստանի մասնակցությունը պայմանավորված կլինի նրանց կողմից առաջադրվող քաղաքական, տրանսպորտային եւ անվտանգային պահանջների ընդունմամբ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը հաջողությամբ շարունակվում է, իսկ «խաղաղությունն արդեն իսկ այսօր իրականություն է»։ Նրա խոսքով՝ այժմ անհրաժեշտ է միայն այն ամրապնդել եւ վերածել երկարաժամկետ կայունության։ Մի քանի օր անց Ալիեւն ավելի հեռուն գնաց՝ հայտարարելով, որ «Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ եւ առեւտրային հարաբերություններ են հաստատում»։ Այս ձեւակերպումները միայն իրավիճակի նկարագրություն չեն։ Դրանք նաեւ քաղաքական ուղերձ են միջազգային հանրությանը, որով Բաքուն փորձում է ցույց տալ, թե հակամարտության հիմնական փուլն արդեն ավարտված է, իսկ մնացած հարցերը պետք է լուծվեն Ադրբեջանի առաջարկած տրամաբանությամբ։

Նույն համատեքստում է պետք դիտարկել Ալիեւի շնորհավորական ուղերձը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Ադրբեջանի նախագահը բարձր էր գնահատել նախորդ տարվա օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած եռակողմ հանդիպման արդյունքները՝ նշելով, որ դրանք տարածաշրջանում ստեղծել են «բոլորովին նոր եւ դրական մթնոլորտ»։ Նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին, հատկապես՝ TRIPP նախաձեռնությանը ցուցաբերվող աջակցության համար։ Այս ձեւակերպումը պատահական չէ։ Այն ցույց է տալիս, որ Բաքուն ներկայացնում է ԱՄՆ-ին որպես մի երկրի, որը նպաստում է Ադրբեջանի պատկերացրած ու պահանջած հաղորդակցային համակարգի ձեւավորմանը։

Միեւնույն ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքվում հայտարարեց, որ Եվրամիությունը շուրջ 200 միլիոն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ եւ թվային կապերի զարգացման համար՝ ընդգծելով, որ նպատակը խաղաղության ամրապնդումն է։ Այս հայտարարությունը եւս վկայում է, որ միջազգային դերակատարները տարածաշրջանի ապագան մեծապես կապում են հաղորդակցությունների բացման եւ տնտեսական ինտեգրման հետ։ Սակայն այդ գործընթացի շուրջ տարբեր դերակատարների պատկերացումները դեռեւս ամբողջությամբ չեն համընկնում, եւ հենց այդ տարբերություններն են ստեղծում որոշակի մրցակցության դաշտ։

Բաքվի պահանջներն ու Անկարայի քաղաքական աջակցությունը

Եթե Ալիեւը հիմնականում խոսել էր խաղաղության հաստատման մասին, ապա Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն արդեն հստակ ներկայացրեց այն նախապայմանները, որոնց իրականացումը Բաքուն համարում է խաղաղության հաստատման համար վերջնական պայման։

Բայրամովը կրկին հայտարարել է, որ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել միայն այն դեպքում, երբ Հայաստանի Սահմանադրությունից, իրենց ձեւակերպմամբ՝ «հեռացվեն տարածքային պահանջները»։ Այս դիրքորոշումը նոր չէ, սակայն կարեւոր է, որ այն կրկին ներկայացվում է որպես Ադրբեջանի անփոփոխ քաղաքական գիծ։

Փաստացի, Բաքուն շարունակում է խաղաղության պայմանագրի ստորագրումը կապել Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հետ՝ փորձելով բանակցային գործընթացը տեղափոխել ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլեւ Հայաստանի ներքաղաքական եւ իրավական դաշտ։

Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է նաեւ, որ շարունակվում են սահմանազատման աշխատանքները, արդեն սահմանազատվել է պետական սահմանի շուրջ 13 կիլոմետր հատված, իսկ հետագա փուլերում քննարկվելու են նաեւ, այսպես կոչված, «անկլավային գյուղերի» հարցերը։

Այսպիսով, Բաքուն ցույց է տալիս, որ խաղաղության գործընթացը դիտարկում է որպես մի քանի զուգահեռ ուղղություններով ընթացող երկարաժամկետ գործընթաց, որտեղ յուրաքանչյուր փուլ՝ նոր քաղաքական պահանջների հիմք է։

Առանձնակի ուշադրության է արժանի Բայրամովի հայտարարությունը TRIPP նախագծի վերաբերյալ։ Չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը բացակայում է, Ադրբեջանի արտգործնախարարը կրկին օգտագործել է հենց այդ եզրույթը՝ TRIPP-ը ներկայացնելով նույն քաղաքական տրամաբանության շրջանակում։ Նրա խոսքով՝ նախագծին աջակցում է նաեւ Միացյալ Նահանգները, այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ, իսկ քանի որ «TRIPP-ի մուտքային եւ ելքային հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում», ամերիկյան կողմը Բաքվին տեղեկացնում է ընթացքի մասին։ Ավելին, Բայրամովը հայտարարել է, որ Բաքվին տրված հավաստիացումների համաձայն՝ գործընթացն առաջ է շարժվում եւ արդեն գտնվում է փաստաթղթերի նախապատրաստման փուլում։

Սա, թերեւս, վերջին շաբաթների ամենաուշագրավ հայտարարություններից մեկն էր։ Պաշտոնական Բաքուն նախ արձանագրում է, որ Վաշինգտոնը համակարգված կերպով աշխատում է ծրագրի իրականացման ուղղությամբ Բաքվի հետ, ապա մի կարեւոր դետալ է բացահայտում՝ «TRIPP-ի մուտքային եւ ելքային հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում»։

Անկախ նրանից, թե այս հայտարարությունը որքանով է ամբողջությամբ արտացոլում բանակցային իրականությունը, այն ունի հստակ քաղաքական նպատակ՝ միջազգային հանրությանն ու Հայաստանին փոխանցել հետեւյալ ուղերձը՝ TRIPP-ն արդեն ընթացքի մեջ է, իսկ այդ ծրագրի տարբեր «դետալներ» հստակ են ու դրանք լիովին Ադրբեջանի օգտին են։

Այս արձանագրումները, փաստացի, համընկնում են Թուրքիայի վերջին հայտարարությունների հետ։ Ջեւդեթ Յըլմազը խոսում էր «Զանգեզուրի միջանցքի» բացման անհրաժեշտության մասին՝ այն կապելով Միջին միջանցքի զարգացման եւ Չինաստանից մինչեւ Եվրոպա ձգվող տրանսպորտային համակարգի հետ։ Նուման Քուրթուլմուշը հայտարարում էր, որ Անկարայի մասնակցությամբ Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը պետք է «մեկ կենտրոն, մեկ ուժ» ձեւավորեն։ Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ, թեեւ նշել էր, որ Հարավային Կովկասի հարցը Թրամփի հետ հանդիպման օրակարգում չէր եղել, միաժամանակ ընդգծել էր, որ ցանկացած պահի կարող է այդ թեման քննարկել ԱՄՆ նախագահի հետ։

Այս ամենը, եթե դիտարկենք ամբողջության մեջ, ապա հստակ է, որ Անկարան եւ Բաքուն տարբեր դերաբաշխմամբ առաջ են տանում նույն ռազմավարական օրակարգը։ Ադրբեջանը կենտրոնանում է քաղաքական եւ իրավական պահանջների վրա, Թուրքիան՝ տարածաշրջանային հաղորդակցությունների, աշխարհաքաղաքական նախագծերի եւ միջազգային գործընկերների ներգրավման վրա։ Սակայն վերջնական նպատակը նույնն է՝ Հարավային Կովկասում ձեւավորել նոր քաղաքական իրականություն, որտեղ Հայաստանի հնարավորությունները սահմանափակված կլինեն այդ ընդհանուր նախագծի շրջանակներով։

Պաշտոնական Երեւանը պետք է իրավական, քաղաքական դիրքորոշում արտահայտի

Այս զարգացումների պայմաններում Հայաստանի գլխավոր մարտահրավերը միայն առանձին պահանջներին արձագանքելը չէ։ Խնդիրն ավելի խորքային է։ Վերջին ամիսների հայտարարությունները մեկ ամբողջական ռազմավարության տարբեր դրսեւորումներ են։ Երբ Ալիեւը հայտարարում է, որ խաղաղությունն արդեն իրականություն է, Բայրամովը խոսում է Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, Թուրքիան շարունակում է առաջ տանել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, այս երկու երկրների իշխանությունները տարածաշրջանի ապագան ներկայացնում են որպես արդեն նախանշված գործընթաց։

Անկարա-Բաքու տանդեմը խաղաղությունը ներկայացնում է որպես ավելի լայն տարածաշրջանային վերափոխման բաղադրիչ, որտեղ փոխկապակցված են սահմանազատումը, հաղորդակցությունները, տնտեսական նախագծերը, միջազգային դերակատարների ներգրավվածությունը եւ Հայաստանին ուղղված քաղաքական նախապայմանները։

Այս պայմաններում Հայաստանի առաջնային խնդիրը պետք է լինի սեփական օրակարգի հստակ ձեւավորումը։ Բաքուն եւ Անկարան ունեն երկարաժամկետ, համակարգված ռազմավարություն։ Ակնհայտ է, որ Անկարան եւ Բաքուն գործում են երկարաժամկետ եւ փոխլրացնող ռազմավարությամբ։ Այդ ռազմավարության նպատակը՝ տարածաշրջանային նոր քաղաքական ճարտարապետության ձեւավորումն է։

Պաշտոնական Երեւանն էլ պետք է առաջնորդվի ոչ թե իրավիճակային արձագանքներով, այլ՝ երկարաժամկետ հաշվարկով եւ մշակված ռազմավարությամբ։ Դա նշանակում է՝ հստակ պաշտպանել պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Հաղորդակցությունների բացման եւ տարածաշրջանային համագործակցության գաղափարը կարող է ծառայել նաեւ Հայաստանի շահերին, եթե այն հիմնված լինի փոխադարձության, հավասարության եւ ինքնիշխանության սկզբունքների հարգման վրա, այլ ոչ թե՝ քաղաքական, իրավական, փաստաթղթային պարտադրանքի։

Ակնհայտ է նաեւ, որ տեղեկատվական դաշտը դառնում է ոչ պակաս կարեւոր, քան դիվանագիտական բանակցությունները։ Երբ Անկարան ու Բաքուն TRIPP-ը շարունակում են նույնացնել «Զանգեզուրի միջանցքի» հետ՝ չնայած փաստաթղթերում նման ձեւակերպման բացակայությանը, դա ցույց է տալիս, որ քաղաքական պայքարը ընթանում է նաեւ հասկացությունների եւ միջազգային ընկալումների մակարդակում։ Հետեւաբար, պաշտոնական Երեւանը պետք է ներկայացնի իրավական եւ քաղաքական դիրքորոշում՝ կանխելով այնպիսի ձեւակերպումների ամրագրումը, որն արդեն իսկ վերածվել է քաղաքական ճնշման գործիքի։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment