«Դատարանը դուրս է եկել վեճի առարկայի սահմաններից եւ կիրառել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ, որոնք տվյալ դեպքում կիրառելի չեն»․Մասսյացոտնի թեմի կարգալույծ եւ պաշտոնանկ արված նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործով նիստում այսօր հայտարարեց պատասխանողի՝ Մայր Աթոռի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը (լուսանկարում)։
Արա Զոհրաբյանը ներկայացրեց միջնորդությունը, որը վերաբերում էր հայցի ապահովման միջոցը վերացնելուն։ Պաշտպանական կողմը գտնում է, որ հայցի ապահովման հիմքեր չկան, նախ այն պատճառով, որ սույն վեճը ենթական չէ դատարանում քննության, քանի որ ՀՀ Սահմանադրության մի քանի հոդվածների համաձայն, Հայ Առաքելական Եկեղեցին ինքնակառավարվող մարմին է՝ իր նվիրապետության սահմաններում, ՀՀ կառավարությունը չի կարող միջամտել այդ կառավարմանը։ Նա նկատեց՝ դրա օգտին է խոսում նաեւ այն փաստը, որ Կաթողիկոսը պաշտոնանկ է արել Գեւորգ արքեպիսկոպոս Սարոյանին, իսկ հայցը ներկայացված է Արման Սարոյանի կողմից։ Ըստ պաշտպանի՝ դատարանը նաեւ ոչ նյութական վնասի հատուցման հարցեր չէր կարող լուծել․ «Ի՞նչ մեխանիզմով եւ գործիքներով է չափել դատարանը, որ ոչ նյութական վնասն էական է, երբ որոշման մեջ նշել է, որ «էական հոգեկան տառապանք է պատճառվել» Արման Սարոյանին․ հոգեկան տառապանքը փող ծախսելով վերանո՞ւմ է»։
Նաեւ՝ հայցի ապահովման միջոցի կիրառման պատճառահետեւանքային կապը չի տեսնում պաշտպանական կողմը։ Բացի այդ, ըստ պաշտպանական կողմի, հայցի ապահովման միջոցը համաչափ չէ ներկայացված պահանջին, քանի որ հայցվորը դիմումը տալու պահին հոգեւոր պաշտոն չունեցող անձ է եղել, իսկ դատարանը նրան լիազորել է հոգեւոր պաշտոնից բխող մի շարք գործառույթներ, այդ թվում նաեւ՝ ֆինանսական, որի իրավունքը պարզապես չկա։ Ավելին, այժմ արդեն հայցվորը նաեւ եպիսկոպոս չի հանդիսանում, նա կարգալույծ է արվել եւ այլեւս աշխարհիկ անձ է։ Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ հայցի ապահովման այս միջոցը խաթարել է Մասսյացոտնի թեմի աշխատանքը։
«Հայցի ապահովման այս որոշմամբ՝ Հարկադիր ծառայությունը կառավարում է Մասսյացոտնի թեմը։ Մեր տեղեկություններով՝ արդեն ֆինանսական գործարքներ է կատարվել բանկերից մեկում։ Եթե դատարանը կասեցնի հայցի ապահովման միջոցը, կստացվի, որ իրավական հանգամանք չունեցող անձը ՀԱԵ ֆինանսական միջոցներն է տնօրինել․ սա բերելու է լուրջ խնդիրների»,- հայտարարեց Արա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, Մասսյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնից հեռացվելուց հետո, Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը դիմել էր դատարան՝ իր աշխատանքային իրավունքները պաշտպանելու հայցով։ Դատարանը հայցի ապահովման միջոց էր կիրառել՝ նրան ժամանակավորապես վերականգնելով իր պաշտոնին։
Դիմելով դատավոր Էդգար Հովհաննիսյանին՝ Արա Զոհրաբյանն ասաց․ «Դատարանն անկախ կարգով չի գործում, հակառակ դեպքում հայցադիմումը վարույթ չէր ընդունի։ Հարգելի դատարան, դուք շատ մեծ պատմական սխալ եք թույլ տվել, «պանդորայի արկղն» եք բացել»։ «Ընթացքը կերեւա»,- արձագանքեց դատավորը։ «Ես խոստանում եմ, կերեւա, դուք բացել եք մի դուռ, որի իրավունքը չունեիք։ Դատարանն իրավունք չունի միջամտի այս հարցին, դա լրիվ ուրիշ աշխարհ է, մի՛ բացեք այդ դուռը եւ մի՛ մտեք այդ դաշտ»,- դատավորին խորհուրդ տվեց փաստաբանը։
Անձի՝ դատական իրավունքի պաշտպանության մասով դատավորի հարցին էլ Արա Զոհրաբյանը պատասխանեց՝ մեջբերելով ՄԻԵԴ տարբեր գործեր եւ որոշումներ, ըստ որոնց, փաստվում է, որ հոգեւոր հարաբերությունները կարգավորվում են եկեղեցական օրենսդրությամբ եւ պետության՝ չեզոքության եւ չմիջամտելու պարտավորությունը պահպանման ենթակա է։
Նա մանրամասնեց՝ Եկեղեցին քաղաքացիա-իրավական սուբյեկտ է՝ արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս, բայց ինչ վերաբերում է ներեկեղեցական հարցերին, այդ թվում նաեւ՝ պաշտոնների նշանակմանը, բացառապես Եկեղեցու խնդիրն է։ Ասաց, որ Արման Սարոյանն իր իրավունքները կարող է ներեկեղեցական մարմնում՝ Եպիսկոպոսաց ժողովում պաշտպանել։ Եպիսկոպոսաց ժողովը կարող է Կաթողիկոսին առաջարկ ներկայացնել, բայց որոշում կայացնողը Կաթողիկոսն է լինելու։
Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ Դատական իշխանության կայքում։
Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: