Ի՞նչ է տեսել Փաշինյանը Խուստուփի գագաթից․ Իրանի համար զգայուն որոշում

Հայաստանը հայտարարել է Թրամփի ուղու վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի ներպետական վավերացումը սկսելու մասին: Թե բուն իմաստով ինչի մասին է Թրամփի ուղին, խոշոր հաշվով պարզ չէ առ այսօր։ Մի բան պարզ է, որ այնտեղ հատվում են բազմաթիվ աշխարհաքաղաքական շահեր եւ այն պայքար է Սյունիքի համար։ Նիկոլ Փաշինյանը, որն այս օրերին արձակուրդում է, օրերս բարձրացել էր Սյունիքի ամենաբարձր գագաթ՝ Խուստուփ։ Ի՞նչ է տեսել նա Խուստուփի գագաթից, որ իջնելուց հետո որոշել է սկսել Թրամփի ուղու վերաբերյալ համաձայնագրի վավերացման գործընթացը։

Թեեւ առհասարակ մեծ հարց է, թե արդյոք Հայաստանի վարչապետն այս պրոցեսում որոշումներ կայացնողների՞, թե՞ պարզապես կատարողների շարքում է։ Համենայնդեպս, մինչ այս տեղի ունեցողը հուշում է, որ Հայաստանն առավելապես կատարողի դերում է, քան որոշում կայացնողների շարքում։ Օրինակ, Թրամփի ուղու վերաբերյալ առանցքային տեղեկատվությունը Հայաստանի հանրությունը ստանում է զանազան այլ աղբյուրներից՝ կամ արտահոսքերի, կամ այլ պաշտոնական աղբյուրների միջոցով, եւ վերջում միայն՝ իր հարկերով պահվող կառավարության։

Օրինակ, Հայաստանի հարկատուների փողով լավ վարձատրվող կառավարության փոխարեն, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը օրերս հայտնեց, որ Հայաստան է ժամանել ամերիկյան AECOM ընկերության մասնագետների խումբը եւ Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ ուսումնասիրել, զննել, հետազոտել այն տեղանքը, որտեղ պետք է ձեւավորվի Թրամփի ուղին։ Ընդ որում, ԱՄՆ դեսպանատունն էլ հայտնել է այդ մասին հուլիսի 10-ին, այն բանից հետո, երբ դրանից մեկ շաբաթ առաջ խումբը այցելել է, զննել, ու գնացել։ Մինչդեռ խոսքը Հայաստանի տարածքի, նաեւ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող՝ հայ-իրանական սահմանի մասին է։

Ընդ որում, այդ խմբի այցը փաստորեն զուգադիպել է Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցին՝ Գերագույն հոգեւոր առաջնորդի հուղարկավորության առիթով։ Հավանաբար այդ «զուգահեռն» էր պատճառը, որ Փաշինյանի՝ Թեհրան այցից չորս օր անց Երեւանում ասուլիս էր տալիս Հայաստանում Իրանի դեսպանն ու փաստացի մտահոգություն հայտնում Թրամփի ուղու վերաբերյալ, ամերիկյան ներկայության վերաբերյալ, ու դե ֆակտո թերահավատություն հայտնում Երեւանի հավաստիացումների առնչությամբ։

Այդ ֆոնին, առավել եւս, երբ վերստին սկսել են ամերիկա-իրանյան փոխադարձ հարվածները, Երեւանը սկսում է Իրանի համար այդքան զգայուն ծրագրի վերաբերյալ համաձայնագրի վավերացման գործընթացը։ Ու նվազագույն, բայց իհարկե ամենեւին ոչ միակ հարցն է՝ Երեւա՞նն է սկսում, թե՞ սկսում են Երեւանում։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment