«Իրանն այսօր». Ձերբակալությունների հերթը հասավ բարեփոխականներին:
Իրանում ձերբակալել են «Բարեփոխումների ճակատ»-ի առաջնորդ Ազար Մանսուրիին և «ճակատի» ևս երեք անդամի:
➡️Նրանք մեղադրվում են երկրի ներքին մթնոլորտը սրելու, ազգային համախմբվածությունը թիրախավորելու, սահմանադրության դեմ դիրքորոշում արտահայտելու, թշնամական քարոզչության հետ համակարգված գործելու, պարտվողականություն քարոզելու, հեղաշրջման ընդհատակյա մեխանիզմներ ստեղծելու մեջ:
➡️«Բարեփոխումների ճակատը», որն իր մեջ բարեփոխական տարբեր կուսակցություններ ու շարժումներ է ներառում, 2024թ. նախագահական ընտրություններում աջակցել է Փեզեշքիանին:
➡️2025-ի հունիսյան պատերազմից հետո նրանք պարբերաբար հայտարարություններով են հանդես եկել՝ Փեզեշքիանին առաջարկելով խորքային բարեփոխումներ իրականացնել (նաև հանդիպել են Փեզեշքիանի հետ): Նրանց առաջարկած փոփոխություններից էին քաղբանտարկյալների ազատ արձակումը, որոշումների կայացման մեխանիզմների, քաղաքական մրցակցությունը սահմանափակող ինստիտուտների բարեփոխումը, ԶՈւ տնտեսական, քաղաքական գործունեության սահմանափակումը, ուրանի հարստացման կամավոր դադարեցում/հետաձգումը, ԱՄՆ հետ համապարփակ բանակցությունների անցկացումը և այլն:
➡️Շրջանառվել են լուրեր, որ հունվարյան ցույցերի ընթացքում «Բարեփոխումների ճակատը» նաև հայտարարություն է պատրաստել, որտեղ պահանջել են Ալի Խամենեիի հրաժարականը, սակայն այդ հայտարարությունը չի հրապարակվել: Փոխարենը ճակատի առաջնորդը հայտարարել էր, որ, ցույցերը ճնշելու փոխարեն, պետք է լսել մարդկանց պահանջները, իսկ խոսնակն էլ ընդգծել էր, որ ներկա պայմանները ոչ միայն շատ հեռու են ժողովրդի պահանջներից ու ցանկություններից, այլև որևէ աղերս չունեն այն պատկերացման հետ, որ բարեփոխականներն ի սկզբանե ունեին Իսլամական Հանրապետության մասին:
➡️Նման պահանջների ու կարծիքների համար նրանք պահպանողականների կողմից լայն քննադատության են արժանացել՝ որակվելով որպես «ԱՄՆ-ի և Իսրայելի գործակալներ», ու հիմա, փաստացի, հենց նման մեղադրանքով էլ ձերբակավել են:
📌Այս տեմպերով չի բացառվում, որ թիրախում կարող է լինել նաև նախկին նախագահ Հասան Ռոհանին (որն այս օրերին «մեծ բարեփոխման» և հանրաքվե անցկացնելու կոչ է արել) և նախկին արտգործնախարար Ջավադ Զարիֆը. նրանց ձերբակալված տեսնելու ցանկություն ունեցողները քիչ չեն:
📍Այս իրավիճակը գալիս է փաստելու, որ իր դեմ ուղղված ճնշումներին համակարգն արձագանքում է ավելի մեծ ճնշմամբ, վերահսկողության ուժեղացմամբ ու այլակարծության բացառմամբ: Իսլամական Հանրապետությունը գնում է առավել կարծրացման ու պարփակման ճանապարհով՝ հօդս ցնդեցնելով խորքային բարեփոխումների հեռանկարն ու ավելի շատ ապավինելով ուժային կառույցներին: Համենայն դեպս, սա այս պահի դրությամբ եղած իրականությունն է, և առայժմ դժվար է պատկերացնել, որ հետագայում այն կփոխվի։
Այս համատեքստում տեղին է հիշատակել նաև, որ շաբաթներ առաջ կասեցվել էր Hammihan բարեփոխական ուղղվածության օրաթերթի գործունեությունը: Պատճառաբանվել էր, որ «օրաթերթը, ուղղորդված նյութերի հրապարակմամբ, նպաստել է հանրային մթնոլորտում լարվածության սրմանը»:
Կասեցման համար շարժառիթ էին հանդիսացել երկու հրապարակում, որոնք տարբերվել են ցույցերի և ուժայինների գործողությունների մասին իշխանական խոսույթից:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: