Հատվել է 178 կենսունակության ավարտին մոտ կամ չոր ծառ, տնկվել է 267 ծառ. Արմեն Բեգոյան

«Վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ են իրականացվել 162 փողոցներում եւ 820 բակերում, կանաչ տարածքների վերաձեւավորում, կենսունակությունը կորցրած կամ կենսունակության ավարտի  մոտ ծառերի փոխարինում՝ 5 փողոցներում: Ընդհանուր առմամբ հատվել է 178 կենսունակության ավարտին մոտ կամ չոր ծառ, որոնց փոխարեն տնկվել է 267 ծառ» ,- Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, ի թիվս այլնի, նշեց «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանին հաշվետվություն ներկայացնելիս:

Բեգոյանի խոսքով. «Ձեւավորվել է 22140 քմ սիզամարգ 17 փողոցներում եւ 8 այգիներում, իսկ 12 փողոցներում իրականացվել է բոլորովին նոր ձեւավորում՝ մշտադալար թփերով եւ այլ բուսատեսակներով: 126 փողոցներում , 817 բակերում, 34 այգիներում  եւ 123 հանրակրթական դպրոցների բակերում իրականացվել է ծառերի էտում եւ ձեւավորում»:

Նա նշեց նաեւ, որ Աշտարակի խճուղուց դեպի Երեւան, Դավիթ Բեկ ու Սուրբ Սարգիս եկեղեցու հարող հատվածում, Դավիթաշեն առաջին թաղամասում եւ այլուր հիմնվել են ուրբան անտառներ եւ այգիներ: «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը տեղեկացրեց, որ  գույքագրվել եւ անձնագրավորվել է  150000 ծառ եւ թուփ:

Բեգոյանի հավաստմամբ, 2025թ Երեւան քաղաքի կանաչ տարածքներն ավելացել են 14,1 հեկտարով, եւ Երեւանն ամբողջությամբ վերականգնել է իր կանաչ տարածքները, որոնք կային ԽՍՀՄ տարիներին:

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment