Այսօր՝ հուլիսի 15-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանում հայտնի «Ռէժինէ» հյուրանոցային համալիրի երկրորդ հարկի սենյակներից մեկում դի կա։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ ձեռքերը, ոտքերը և բերանը կպչուն ժապավենով կապված։
Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչներն ու Քննչական կոմիտեի փորձաքրեագետները։
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը։
© https://shamshyan.com/hy/article/2026/07/15/1309218