Ամերիաբանկը կազմակերպել էր ամփոփիչ միջոցառում «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի հաղթող ուսանողների համար: Հանդիպման նպատակն էր ամփոփել մրցույթի արդյունքները, ինչպես նաեւ նպաստել նոր կապերի հաստատման, գաղափարների զարգացման ու փորձի փոխանակման յուրօրինակ հարթակի ստեղծմանը։
Բանկից հայտնել են, որ միջոցառմանը մասնակցում են նախորդ եւ այս տարվա հաղթող ուսանողները, ՀՀ առաջատար բուհերի ու Ամերիաբանկի ներկայացուցիչները, ինչպես նաեւ տարբեր ոլորտներ ներկայացնող խոսնակներ։
«Իմ Հայաստան, իմ ապագա» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախաձեռնության շրջանակում անցկացված մրցույթի արդյունքներով՝ 200 ուսանող 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում 4 ամիս շարունակ ստացել է ամսական 50,000 ՀՀ դրամ կրթաթոշակ։
«Ամերիան 2018 թվականից շարունակաբար համագործակցում է բուհերի հետ, եւ ուսանողները մեզ համար ամենակարեւոր, ամենահետաքրքիր խմբերից մեկն են: Ուրախ եմ, որ այսօր նրանց հետ շփման եւս մեկ յուրահատուկ հնարավորություն ունենք»,- նշել է Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը։
Հանդիպման առանցքում «Ա կետն» էր՝ այն մեկնարկային կետը, որտեղից սկսվում են նոր հնարավորություններն ու կարեւոր որոշումները։ Միջոցառման ընթացքում ուսանողները մասնակցել են պանելային քննարկման, ինտերակտիվ խաղերի եւ լսեցին հաջողության պատմություններ։
«Նման նախաձեռնությունները շատ կարեւոր են ուսանողների կարիերայի աճի եւ ապագա մասնագիտական ընտրության տեսանկյունից, քանի որ այստեղ իրենք հնարավորություն են ունենում ավելի լավ կողմնորոշվելու իրենց մասնագիտական ընտրության մեջ եւ թե ապագայում որ ուղղությամբ եւ ինչ տարբերակներով առաջ կգնան»,- նշել է պանելային քննարկման մասնակիցներից Renderforest ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Նարեկ Սաֆարյանը։
Խոսնակների թվում էին նաեւ Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը եւ «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր ու տնօրեն Ռուբեն Հայրապետյանը։
«Պանելային քննարկումը ուղղակի մի ֆենոմենալ երեւույթ էր ինձ համար՝ այնքան նոր մտքեր, նոր գաղափարներ, նոր խորհուրդներ, որ ցանկացած ուսանողին պետք են: Ես իրականում այսօրվանից շատ մեծ սպասելիքներ ունեի, բայց այս օրն ամբողջովին գերազանցեց դրանք»,- ասել է միջոցառման մասնակից ուսանող Դավիթ Վանյանը: