Միացյալ Նահանգները կրկին հարվածներ է հասցրել Իրանին։ Իսլամական Հանրապետության տարբեր հատվածներում պայթյուններ են որոտացել: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ վերսկսում է իրանական նավահանգիստների շրջափակումը։ Նշվում է, որ ներկայումս Մերձավոր Արևելքում տեղակայված են ամերիկյան զինված ուժերի ավելի քան 20 ռազմանավ և հարյուրավոր ուղղաթիռներ: Նաև Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապ ունեցող մի շարք անձանց, ընկերությունների և նավերի նկատմամբ:
Իրանն էլ հարվածել է Բահրեյնում ամերիկյան ուժերին, Քուվեյթում ռազմական նավի, կան տուժածներ: Թեհրանից նաև հայտնել են, որ Իրանի հարավին վերջին հարվածների հետևանքով առնվազն 30 քաղաքացիական անձ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է:
Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Իրանի շուրջ զարգացումները, հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ՝ իրանականի, և նավթը հոսում է ինչպես երբևէ չի հոսել։ ԱՄՆ նախագահը որոշել է հրաժարվել նեղուցով անցնող բեռնափոխադրումների համար 20%-ի վճար սահմանելու մտադրությունից, փոխարենը՝ Պարսից ծոցի երկրների հետ առևտրային և ներդրումային համաձայնագրեր կկնքվեն։ Թրամփը նախազգուշացրել է՝ շարունակելու են զանգվածային հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետության տարածքին, կարող են թիրախավորվել էլեկտրակայաններ և կամուրջներ: Սպիտակ տան ղեկավարը հավելել է՝ այժմ չի ցանկանում բանակցել. նա մեղադրել է իրանական կողմին՝ ստորագրված հուշագիրը խախտելու համար:
Թեհրանից արձագանքել են՝ ռազմական գործողությունները չեն ստիպի Իրանին բանակցություններ աղերսել: Փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրն այլևս չի գործում, քանի որ Վաշինգտոնը չի կատարում ստանձնած պարտավորությունները: