Լիտվան հետախուզական տվյալներ ունի Բալթյան տարածաշրջանում ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարձակվելու` Ռուսաստանի ծրագրերի մասին, և դրանք կարող են իրականացվել տարբեր միջոցներով: Այս մասին հայտարարել է նախագահ Գիտանաս Նաուսեդան` BNS լրատվական գործակալության հետ հարցազրույցում:
Նա, միաժամանակ, հավելել է, որ տեղեկություններ չկան այն մասին, թե երբ կամ որտեղ կարող են տեղի ունենալ այդ հարձակումները: «Մենք չգիտենք կոնկրետ վայրի կամ ժամանակի մասին, քանի որ թշնամին դեռ չի ավարտել իր պլանավորումը. մեզ հայտնի է միայն նախապատրաստության փաստի կամ նախատեսված թիրախի մասին»,- բացատրել է Նաուսեդան:
Նախագահն ասել է, որ որպես նախազգուշական միջոց Վիլնյուսն ուժեղացնում է էներգետիկ և տրանսպորտային օբյեկտների պաշտպանությունը:
Հարցազրույցում նա ուղղակի չի նշել, թե որ երկիրն է դառնալու ռուսական հարձակումների թիրախ, սակայն հունիսի վերջին Լեհաստանը հայտնել էր, որ արևմտյան հետախուզական գործակալությունները մտահոգված են ՆԱՏՕ-ի արևելյան թևում Ռուսաստանի կողմից սադրանքների աճող ռիսկերից: