ԵԿԲ-ն ընտրել է բանկեր թվային եվրոն փորձարկելու համար

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) թվային եվրոյի փակ փորձնական ծրագրին մասնակցելու համար ընտրել է 36 բանկ և վճարային ընկերություն։ Ցանկում ընդգրկված են Deutsche Bank, Revolut, Stripe, UniCredit, Adyen, SumUp և Worldline։

Մասնակիցները ներկայացնում են տարբեր երկրներ և բիզնես մոդելներ՝ սկսած ավանդական բանկերից մինչև ֆինտեխ ընկերություններ և վճարային ենթակառուցվածքի օպերատորներ։ Փորձարկումները կմեկնարկեն 2027 թվականի երկրորդ կեսին և կտևեն 12 ամիս։

Թվային եվրոն կփորձարկվի խանութներում և դրամական փոխանցումներում

Փորձնական ծրագիրը կիրականացվի ԵԿԲ-ի և եվրոգոտու 19 ազգային կենտրոնական բանկերի մասնակցությամբ։ Օգտատերերի դերում հանդես կգան կարգավորող մարմինների աշխատակիցները, իսկ վճարումները կընդունեն ընտրված առցանց խանութները, ռեստորանները, սրճարանները և այլ առևտրային կետեր։

Մասնակիցները կփորձարկեն.

  • ֆիզիկական անձանց միջև փոխանցումները (P2P)՝ առցանց և օֆլայն ռեժիմներում,
  • վճարումները խանութներում,
  • բջջային վճարումները,
  • առցանց գնումների վճարումները։

ԵԿԲ-ն նպատակ ունի գնահատել համակարգի հուսալիությունը, մասշտաբայնությունը, գործառնական գործընթացները և օգտատիրական միջերեսների (UI) հարմարավետությունը։

Ընկերությունների մի մասը կզբաղվի կենտրոնական բանկի թվային արժույթի (CBDC) բաշխմամբ՝ բացելով փորձնական հաշիվներ և տրամադրելով օգտատերերին վճարումների հասանելիություն Եվրոհամակարգի հավելվածի կամ սեփական ծառայությունների միջոցով։ Մյուս մասնակիցները կապահովեն վաճառողների կողմից թվային եվրոյի ընդունումը։ Որոշ կազմակերպություններ կկատարեն երկու գործառույթներն էլ։

Փորձնական ծրագրում կօգտագործվի թվային եվրոյի բետա տարբերակը։ Բացի այդ, մասնակիցներին չի թույլատրվի օգտատերերից գանձել որևէ միջնորդավճար փորձնական ծրագրի շրջանակում մատուցվող ծառայությունների համար։

Թողարկման վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի ընդունվել

ԵԿԲ-ն նպատակ ունի պատրաստ լինել թվային եվրոյի հնարավոր թողարկմանը մինչև 2029 թվականը։ Այդ ժամանակացույցը ենթադրում է, որ անհրաժեշտ իրավական կարգավորումները կընդունվեն 2026 թվականին։ Իրավական շրջանակի հաստատումից հետո անհրաժեշտ կլինի ԵԿԲ-ի Կառավարիչների խորհրդի առանձին որոշումը։

Թվային եվրոն պետք է դառնա կենտրոնական բանկի փողի էլեկտրոնային ձևը, որը կլրացնի, այլ ոչ թե կփոխարինի, կանխիկ դրամին, բանկային քարտերին և մասնավոր վճարային ծառայություններին։

Հիշեցնենք, որ հունիսին Եվրոպական խորհրդարանի համապատասխան կոմիտեն աջակցեց թվային եվրոյի մասին օրինագծին։ Փաստաթուղթը նախատեսում է.

  • առցանց և օֆլայն վճարումներ,
  • օգտատերերի համար անվճար հիմնական ծառայություններ,
  • թվային եվրոյի պարտադիր ընդունում ընկերությունների մեծամասնության կողմից։

Տարվա սկզբին ԵԿԲ-ի Գործադիր խորհրդի անդամ` Պիերո Չիպոլոնեն թվային եվրոյի ստեղծման անհրաժեշտությունը հիմնավորել էր Եվրոպայի վճարային ինքնիշխանության ամրապնդման անհրաժեշտությամբ։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Leave a comment