Հնդկաստանն ընդլայնում է աշխատուժի արտահանումը՝ աշխատատեղերի համաշխարհային պակասի պայմաններում

Հնդկաստանն ակտիվորեն աշխատանքային միգրացիայի վերաբերյալ համաձայնագրեր է կնքում իր առևտրային գործընկերների, այդ թվում՝ եվրոպական երկրների, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ՝ աճող աշխատունակ բնակչությանը զբաղվածությամբ ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում է CNBC-ն։

Փորձագետների խոսքով՝ երկրի կառավարությունն ավելի ու ավելի մեծ հույս է դնում արտերկրում աշխատող քաղաքացիների դրամական փոխանցումների վրա։ Ներկայումս այդ մուտքերն աշխարհում ամենաբարձրն են և կազմում են Հնդկաստանի ՀՆԱ-ի շուրջ 3%-ը։

Մասնագետների գնահատմամբ՝ նման ռազմավարությունն օգնում է երկրին հաղթահարել գործազրկության լուրջ խնդիրը, որի մակարդակը շարունակում է մնալ 5-6% միջակայքում։

Ի տարբերություն Չինաստանի՝ Հնդկաստանը բախվում է բարձր որակավորում ունեցող մասնագետների համար ներքին աշխատատեղերի պակասի։ Դրա պատճառներից մեկն այն է, որ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների պետական ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ի ընդամենը մոտ 0.5%-ը, ինչը զգալիորեն ցածր է համաշխարհային միջին՝ 1.7% ցուցանիշից և ԱՄՆ-ի 3.5% մակարդակից։

H-1B աշխատանքային վիզաների ծրագիրը ստեղծվել է ԱՄՆ-ում 1990 թվականին և երկար տարիներ ակտիվորեն կիրառվել է ամերիկյան տեխնոլոգիական հսկաների կողմից։ Պատմականորեն Հնդկաստանը եղել է այդ վիզաների հիմնական ստացողը։

Սակայն վերջին շրջանում ԱՄՆ-ում վիզային կանոնների խստացման ֆոնին հնդկական իշխանությունները սկսել են դիվերսիֆիկացնել աշխատանքային միգրացիայի ուղղությունները՝ աշխատուժի տեղաշարժի պայմաններն ամրագրելով նոր միջազգային առևտրային համաձայնագրերում։

Leave a comment