Օրեր առաջ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (նստավայրը` Աջափնյակ վարչական շրջան), որպեսզի դատարանը ևս 2 ամսով երկարաձգի Երևանի բնակիչ 19-ամյա Վարդան Մարկոսյանի խափանման միջոց տնային կալանքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց, ապա խորհրդակցական սենյակից վերադառնալով մերժել է քննիչի միջնորդությունը և Վ․ Մարկոսյանի նկատմամբ կիրառել է վարչական վերահսկողություն և համացանցից օգտվելու սահմանափակումներ։
Նրա նկատմամբ հարուցվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս), 344-րդ հոդվածի 1-ին մասի (տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (խուլիգանությունը՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) հատկանիշներով։
Արիլի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 19-ամյա Վարդան Մ.-ի վարած «Mercedes CLS» մակնիշի, 28-ամյա Կորյուն Մ.-ի վարած «Jaguar» մակնիշի, 34-ամյա Տաթևիկ Ա.-ի վարած «Toyota» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Սամվել Ա.ի վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը։
Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության էին հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ։ «Mercedes»-ը բախվել էր «Jaguar»-ին, «Jaguar»-ն անցել էր բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշին վրայով, կոտրել այն և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում բենզալցակայանի պատի, շինության մոտ՝ հետիոտնի համար նախատեսված մայթին։ Իսկ հարվածի հետևանքով վնասվել էր նաև «Toyota»-ն։
Վարորդները ենթարկվել էին սթափության փորձաքննության, եղել էին սթափ, սակայն «Mercedes»-ի վարորդի ավտոմեքենա վարելու իրավունքը եղել էր կասեցված։