ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի հետ առնչվող ավելի քան 50 ֆիզիկական անձանց, ընկերությունների և նավերի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։
Վաշինգտոնի տվյալներով՝ պատժամիջոցների թիրախում հայտնված կառույցները կապված են միջազգային այն ցանցի հետ, որը, ըստ ամերիկյան իշխանությունների, ղեկավարում է Մոհամմադ Հոսեյն Շամխանին։ Նշվում է, որ ցանցը զբաղվել է իրանական նավթի արտահանմամբ, կոնտեյներային փոխադրումների և հումքային ապրանքների առևտրով, ինչպես նաև աջակցել է ռուսական նավթամթերքի և Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման հետ կապված բեռների փոխադրմանը։
Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են ֆինանսիստներ, նավագնացային ընկերությունների ղեկավարներ, նավերի օպերատորներ և կազմակերպություններ, որոնք գրանցված են Արաբական Միացյալ Էմիրություններում, Սինգապուրում, Հոնկոնգում, Հնդկաստանում, Մարշալյան կղզիներում և մի շարք այլ իրավազորություններում։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Շամխանիի ցանցը հանդիսանում է Իրանի իշխանությունների ֆինանսավորման հիմնական աղբյուրներից մեկը, իսկ նոր սահմանափակումները նպատակ ունեն խաթարել այդ ֆինանսական ենթակառուցվածքի գործունեությունը։
ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ Շամխանիի ցանցի հետ առնչվող և ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող անձանց, ընկերությունների և նավերի ընդհանուր թիվն արդեն գերազանցել է 200-ը։