ՉԼ․ Արարատ-Արմենիան դրամատիկ խաղում զիջեց Ռիգային, բայց պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» «Սկոնտո» մարզադաշտում հյուրընկալվելիս դրամատիկ պայքարում 2-3 հաշվով զիջեց «Ռիգային», գրում է armsport.am-ը:
Դիմակայության մեկնարկը բարեհաջող էր լատվիական ակումբի համար. առաջին խաղակեսում տանտերերը երկու գնդակի առավելություն ստացան։ 14-րդ րոպեին հաշիվը բացեց Յագո Սիկեյրան, իսկ 23-րդ րոպեին Ահմեդ Անկրան կրկնապատկեց այն։ Երկրորդ խաղակեսում հայկական թիմը կարողացավ վերականգնել հավասարությունը. 46-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 63-րդ րոպեին Սանդրո Լիման խփեց երևանյան թիմի երկրորդ գնդակը։ Այդուհանդերձ, հանդիպման հենց վերջնամասում՝ 90+4-րդ րոպեին, Ռամիրեսն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը և հաղթանակ պարգևեց «Ռիգային»։
Հիշեցնենք, որ առաջին խաղում հայկական ակումբը հաղթել էր 2-0 հաշվով, ուստի երկու հանդիպումների հանրագումարում գրանցվեց 4-3 արդյունքը՝ հօգուտ հայկական թիմի։ Սա պատմական իրադարձություն է ակումբի համար. «Արարատ-Արմենիան» իր պատմության մեջ առաջին անգամ հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը, քանի որ մինչ այս երբեք չէր կարողացել նման արդյունք գրանցել այս մրցաշարում։
Որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» որպես մրցակից կունենա «Ֆլորիանա» (Մալթա) – «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) զույգի հաղթողին