Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը. քննարկվել են ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունն ու երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրերը։
Ժողովրդագրական քաղաքականության իրականացման գործընթացում նախարար Արսեն Թորոսյանի խոսքով` պետության քայլերը չեն սահմանափակվելու միայն ծնելիության խթանմամբ, այլ լինելու են երկարաժամկետ և համապարփակ՝ ուղղված ընտանիքների բարեկեցության բարձրացմանը։ ժողովրդագրական ռազմավարությունը նախատեսում է փոխկապակցված միջոցառումներ՝ ընտանիքների սոցիալական պաշտպանվածության ամրապնդման, առողջ ապրելակերպի խթանման, ակտիվ ծերացման, արտագաղթը նվազեցնելու և մարդկային կապիտալը զարգացնելու ուղղություններով։
Այս համատեքստում շատ կարևոր են նաև պետության կողմից առանձին բաղադրիչներով իրականացվող բնակապահովման պետական աջակցության ծրագրերը, որոնք ժողովրդագրական քաղաքականության առանցքային գործիքներից են և նպաստում են երիտասարդ ընտանիքների կայունությանն ու երեխաներ ունենալու համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։
Խորհրդի անդամներին նախարարի խորհրդական Ռոզա Բաբայանը ներկայացրել է ժողովրդագրական ռազմավարության տեսլականն ու նպատակները․ ընտանիքի բարեկեցությանը խթանող միջավայրի ստեղծում, մարդկային կապիտալի զարգացում, արժանապատիվ ծերության պայմանների ապահովում, բնակչության կյանքի որակի բարձրացում։
ԿՍԱԳՀ խորհրդական Գայանե Ղարագյոզյանը խոսել է երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի բաղադրիչների, հիմնական պայմանների, աջակցության չափերի և զարգացման հեռանկարների մասին։
Ներկայացվել է նաև 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը՝ իրականացման եղանակներն ու աջակցության չափերը։ Այն գործելու է 2027թ․ մարտի 2-ից և լինելու է բազմազավակ ընտանիքների սոցիալական կայունության ամրապնդման և ժողովրդագրական քաղաքականության նպատակների իրագործման կարևորագույն գործիք։
Հասարակական խորհրդի անդամները ծրագրերի հասցեականության և արդյունավետության բարձրացման վերաբերյալ ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: