Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ

Հասարակություն

14.07.2026 | 21:45

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդենիկ Մելքոնյանն օրեր առաջ քաղաքացի Ա.Ս.-ին մեղավոր է ճանաչել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ բռնության կոչ հնչեցնելու համար և նրան դատապարտել 750,000 դրամ տուգանքի: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրանքի՝ 2026 թվականի մայիսի 29-ին Ա.Ս.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել այն բանի համար, որ նա Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ ֆեյսբուքյան էջով կատարել է հետևյալ գրառումը. «Ողջ-ողջ մեր ծնողներիս առաջ ՎԱՌԵԼ այս տականքին, թուրքի վիժվածքին»:

Ա.Ս.-ին մեղադրանք ներկայացնելուց հետո նրա նկատմամբ բացակայելու արգելք է կիրառվել, ապա ընդամենը կես ամիս անց գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննության: Դատարանում քաղաքացի Ա.Ս.-ն միջնորդել է արագացված քննել գործը: Սա նշանակում է, որ նա ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքը: Քաղաքացին 750,000 դրամ տուգանքը պետք է վճարի մաս-մաս՝ առավելագույնը մեկ տարվա ընթացքում:

Արաքս Մամուլյան

Leave a comment