Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Քոչվոր ցեղի առաջնորդը, ՀՀ իշխանությունների կողմից հանձնած Շուշիից, նորից Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ իր նկրտումների մասին է հայտարարում։
Ալիևի հայտարարության ամենաէական հատվածը ոչ թե այն է, որ նա կրկին օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, այլ այն, որ նա փորձեց ներկայացնել այդ նախագիծը որպես միջազգային համաձայնության առարկա՝ պնդելով, թե ԱՄՆ ղեկավարությունը հասկացել է դրա կարևորությունը, Հայաստանին բացատրել է դրա անհրաժեշտությունը, իսկ Սպիտակ տանը ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ։
Ամենամեծ մտահոգությունն այն է, որ Ադրբեջանը հինգ տարուց ավելի հետևողականորեն առաջ է մղում «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը։ Եթե այսօր նույն ճանապարհը ներկայացվում է այլ անվանմամբ, դա ինքնին չի պատասխանում առաջացած որևէ հարցի։
Ու ստացվում է, որ ՀՀ իշխանությունների կողմից Արցախի հանձնումը ոչ թե վերացրեց այդ պահանջը, այլ ընդամենը տեղափոխեց Ադրբեջանի հաջորդ թիրախը դեպի Սյունիք։ Այդ պատճառով այսօր Հայաստանի իշխանությունը ոչ թե ընդհանուր հավաստիացումներ պետք է տա, այլ պետք է հրապարակի բոլոր պայմանավորվածությունները։
2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի ռազմավարական պահանջները չեն փոխվել։ Արցախի հայաթափումից հետո բաքուն շարունակել է առաջ տանել իր «հաղորդակցային», բայց իրականում՝ զավթողական օրակարգը։ Իսկ մայր Հայաստանի օրվա իշխանությունների կեցվածքն ու պահվածքը թույլ չեն տալիս լավատես լինել…
Հ.Գ. Նկարը՝ 3-ը մայիսի 2023 թ.՝ Ստեփանակերտ-Շուշի ճանապարհ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: