«Երկու երկրների հասարակությունների միջև վստահություն և կայուն խաղաղություն լինել չի կարող, քանի դեռ կան պատանդներ։ Հայ պատանդների ազատ արձակումը պարգև չէ Հայաստանի համար, դա միջազգային պարտավորություն է, որը ստանձնել է Ադրբեջանը։ ԵՄ-ն ունի բավարար դիվանագիտական, քաղաքական և տնտեսական լծակներ՝ ազդեցություն գործադրելու այդ հանձնառությունը կատարելու համար, հարցն այն է՝ արդյոք այդ լծակները հետևողականորեն օգտագործվում են, թե ոչ»,- Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանում անցկացված «Ադրբեջանում հայ քաղբանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Միջազգային գործընկերությունը հանուն մարդու իրավունքների» կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Սիմոն Պապուաշվիլին։
Ըստ նրա՝ ներկայումս լուրջ մարտահրավեր է հայտարարությունների և բանաձևերի մակարդակից անցնել կոնկրետ գործողությունների․ «Ադրբեջանում պահվող հայ պատանդների հարցը ԵՄ-ի՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում պետք է դառնա օրակարգային։ Պետք է շարունակաբար այդ հարցը Ադրբեջանի առաջ բարձրացվի Բարձր ներկայացուցչի, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ այլ մարմինների, յուրաքանչյուր անդամ երկրի պատվիրակության կողմից։ ԵՄ-ն Ադրբեջանից պետք է պահանջի երաշխիքների փաթեթ, որը կներառի անկախ մարդասիրական կազմակերպությունների մուտքը Ադրբեջանում պահվող հայ պատանդներին, նրանց ընտանիքների հետ մշտական կապը, անկախ բժշկական հետազոտությունը, փաստաբանի հասանելիությունը, դատավճիռների հրապարակայնությունը»։
Օրինակ բերելով այն, որ հունվարին 4 հայ ռազմագերիներ ազատ արձակվեցին ադրբեջանական բանտից և վերադարձան ՀՀ՝ Սիմոն Պապուաշվիլին ասաց․ «Հունվարին հայ պատանդների ազատ արձակումը ցույց տվեց, որ քաղաքական կամքը կարող է տալ լուրջ արդյունքներ»։
Ըստ նրա՝ Հայաստանն իր աշխարհաքաղաքական ընտրությունը կատարել է՝ խորացնելով ԵՄ-ի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը, ուստի սա հաշվի առնելով՝ կարևոր է չմոռանալ ապօրինաբար Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին և նրանց վերադարձի հարցը դարձնել օրակարգային։
Եվրոպական խորհրդարանում «Ադրբեջանում հայ քաղբանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» թեմայով քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: