«Լեռնային Ղարաբաղի հայերին պահելով ադրբեջանական բանտում՝ Ադրբեջանն ավարտին է հասցնում իր նպատակը՝ ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի հայերի գոյությունը»։ Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանում անցկացված «Ադրբեջանում հայ քաղբանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության հանրային պաշտպանության տնօրեն Ժուել Վելդկամպը։
Նա ցավով նշեց, որ միջազգային հանրությունը հանդուրժում է այն, ինչ անում է Ադրբեջանը․ «Միջազգային հանրությունը հանդուրժեց Ադրբեջանի ռազմական ներգործությունը, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը։ Եթե այդպես չաներ, հայ պատանդներն ազատ արձակված կլինեին։
Բայց այս ամենը հանդուրժելով՝ Եվրոպան ընդունում է նաև Թուրքիայի գերիշխանությունը։ Եվրոպական հանձնաժողովը համատարած անուշադրության է մատնում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը։ Ադրբեջանը ԵՄ-ի էներգետիկ մատակարարն է»։
Անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ Ժուել Վելդկամպը նշեց․ «Խաղաղության այդ գործընթացը Հայաստանի համար բազմաթիվ զիջումներ է արժեցել, և ոչինչ չի պահանջվել Ադրբեջանից՝ դրան ի պատասխան»։
Նաև փաստեց, որ այսքանով հանդերձ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել խաղաղության համաձայնագիր, ավելին՝ հայտարարություններ անում և Հայաստանի տարածքը կոչում Արևմտյան Ադրբեջան։
Ըստ Ժուել Վելդկամպի՝ ԵՄ-ի այսօրվա քաղաքականությունը Հարավային Կովկասում թուլացնում է Հայաստանին, մինչդեռ ուժեղ Հայաստանը կարող է լավ դաշնակից լինել ԵՄ-ի համար՝ հատկապես այն ժամանակահատվածում, երբ աճում է թուրքական ազդեցությունը․ «Հայաստանին ուժեղացնելու համար եվրոպական քաղաքականություն կերտողները պետք է ապահովեն, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը միակողմանի չլինի։ Պետք է պահանջեն, որ Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդներն ազատ արձակվեն»։
Եվրոպական խորհրդարանում «Ադրբեջանում հայ քաղբանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» թեմայով քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: