Ֆրանսիան հուլիսի սկզբին ստորգետնյա գազապահեստներից դուրս է բերել ավելի քան 200 մլն խորանարդ մետր գազ, որը նախատեսված էր ձմեռային ջեռուցման սեզոնի համար։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Gas Infrastructure Europe (GIE)-ի տվյալները, դրա պատճառը անոմալ շոգն ու օդորակիչների զանգվածային օգտագործումն են։
Սովորաբար Եվրոպայում ստորգետնյա գազապահեստները լցվում են ամռանը՝ ձմռան համար վառելիքի պաշար ձևավորելու նպատակով։ Սակայն Ֆրանսիայում հուլիսի 1–10-ն ընկած ժամանակահատվածում պահեստներ է մղվել 367.9 մլն խորանարդ մետր գազ, մինչդեռ նույն ընթացքում դուրս է բերվել 211.5 մլն խորանարդ մետր։
Միաժամանակ հուլիսի սկզբին գազի մղման տեմպերը դարձել են տվյալ ժամանակահատվածի համար պատմականորեն ամենացածրը։ Տասը օրում գազի ընդհանուր պաշարներն աճել են ընդամենը 0.14%-ով, մինչդեռ 2025 թվականի նույն ժամանակահատվածում աճը կազմել էր 0.29%։
Վերլուծաբանների խոսքով՝ անոմալ շոգի պատճառով կտրուկ աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, քանի որ օդորակիչներն աշխատում են առավելագույն հզորությամբ։ Արդյունքում գազով աշխատող էլեկտրակայաններն ավելացրել են արտադրությունը, իսկ երկրի սեփական արդյունահանման և ներմուծվող գազի ծավալները չեն բավարարում աճող պահանջարկը։ Այդ պատճառով Ֆրանսիան ստիպված է լրացուցիչ գազ վերցնել ստորգետնյա պահեստներից։
Փորձագետների գնահատմամբ՝ շոգի պահպանման դեպքում Ֆրանսիան առնվազն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կշարունակի օգտագործել ձմեռային գազի պաշարները։