ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի դիտարկմամբ՝ Հայաստանում ներկա արևմտյան դեսպանները լծված են գլոբալ ծրագրի իրականացմանը և «չեմ լսում, չեմ տեսնում, չգիտեմ» քաղաքականություն են իրականացնում։ Դիվանագետը, սակայն, շտապում է նրանց հիասթափեցնել, քանի որ մեր ժողովուրդն իր ներքին դիմադրողականության ուժը ցույց է տվել անցած տարիներին․ միգուցե չի հաջողվել մեծ հաջողություններ գրանցել, բայց ինքը վստահ է՝ դեռ հնարավոր է իրավիճակը փրկել։
Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի ասուլիսի ժամանակ իր խոսքում Ձյունիկ Աղաջանյանը նկատեց՝ միջազգային իրավունքի «թվացյալ կոմայի մեջ լինելը» մեծ հնարավորություններ չի տալիս, բայց այլընտրանքային տեսակետի ներկայացումն օգնելու է հասարակությանը ստրուկ և կառավարվող զանգված դարձնելուց զերծ պահել։ Նաև օգնելու է որոշակի կանխարգելիչ դերակատարում ունենալ թե՛ երկրի ներսում, թե՛ Ադրբեջանում, որտեղ մինչ այսօր պատանդներ և գերիներ ունենք։
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը չի էլ ցանկանում առանձնահատուկ մեկնաբանություններ տալ աշխարհաքաղաքական առուծախին, որը ներառում է նաև մարդու իրավունքները՝ գերադասելով կենտրոնանալ այդ ամենում հայրենի իշխանությունների պահվածքի վրա։
Իր կարծիքով՝ անցած ութ տարիների ընթացքում Հայաստանում նաև քաղաքական սպանությունների դուռն է բացվել․ հիշեցնում է իշխանությանը քննադատելու համար մեղադրվող՝ դատարանում մահացած Արմեն Գրիգորյանին, Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին, նաև Գառնիկ Պետրոսյանին, որին այսօր քչերն են հիշում։ Նա անձ էր, ով 2020 թվականին հանդգնել էր ԱԺ նախագահի աթոռին նստել, երկու օր անց նրան ինքնասպան եղած գտան։
Այս ամենի արդյունքում Աննա Մկրտչյանը համոզմունք ունի, որ քաղաքական տարաձայնությունները մի կողմ պետք է դնել և միավորվել։ Փաստում է՝ ՀՀԿ-ն միշտ է եղել այդ ուղղության կողմնակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում
ԲՀԿ նախընտրական ցուցակով առաջադրված ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ թվեր ներկայացրեց․ մինչև հունիս 248 անձի նկատմամբ է հետապնդում իրականացվել․ հետոյի վիճակագրությունը շատ հստակ չէ, բայց ամեն օր պատկան մարմինները մի քանի հաղորդագրություն են տարածում։
Նա նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գործին անդրադարձավ․ «Մի տնտեսական գործով, որը ԻԻՀ-ում ճանաչվել է հանցակազմ չունեցող գործ, Գագիկ Ծառուկյանը ՔԿՀ-ում է»։ Իր բնութագրմամբ՝ հաշվեհարդար և պատիժ է իրականացվում իրավապահների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, որովհետև նախընտրական փուլում մեկ անձը հայտարարել էր՝ ունեզրկելու է, նստեցնելու է։ Հավելեց՝ այս իշխանությունն իր քաղաքական նպատակներն իրականացնելու համար պատրաստ է օրվա հացից կտրել տասնյակ հազարավոր քաղաքացիների․ դրա վկայությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարանների կնքված վիճակն է։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: