Դիտեցի «Ոսկե ծիրանի» բացման ֆիլմը՝ Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը», որով բացվել է նաեւ Լոկառնոյի 78-րդ կինոփառատոնը, այն ցուցադրվել է Պիացցա Գրանդե բացօթյա հրապարակում՝ 8000 հանդիսատեսի ներկայությամբ: Ֆիլմին շատ էի սպասում:
Թամարա Ստեփանյանը, անկասկած, տաղանդավոր ռեժիսոր է, իր ուրույն ձեռագիրն ունի, ինչի մասին խոսում են նաեւ օտարները: Բայց նրա «Արտոյի երկիրը» ինձ մոտ, որպես այդ նյութի սպառող եւ հայ մարդ, մի շարք հարցեր առաջացրեց: Ֆիլմում, իհարկե, Արցախի անունը չի հնչում, խոսվում է միայն պատերազմի, դրա սարսափելի հետեւանքների, զոհվածների սպիտակ ոսկորների ու ողբերգությունից հոգեկան հավասարակշռությունը կորցրած մարդկանց մասին: Ֆիլմում ժամանակագրական խճճվածություն կա, բայց մեր հաղթանակները եւ Արցախի կորուստը տեսած ու լսած սերունդը հասկանում է, թե ինչի մասին է խոսքը…
Իսկ ինչի՞ մասին է «Արտոյի երկիրը»… Ամուսնու՝ Արտոյի մահը գրանցելու նպատակով Հայաստան ժամանած ֆրանսուհի Սելինը բացահայտում է, որ ամուսինը խաբել է իրեն. նա մասնակցել է պատերազմին, յուրացրել ուրիշի ինքնությունը, նախկին ընկերները նրան դավաճան են համարում, նա չի կատարել հրամանատարի հրամանը, եւ իր պատճառով զինակիցներն են զոհվել:
Սելինի համար սկսվում է ճամփորդություն դեպի ամուսնու անցյալը՝ սկսած 2020 թվականի պատերազմի վիրավորներից մինչեւ 90-ականների հաղթական պատերազմի վետերաններ ու շարունակվող պատերազմի ուրվականներ:
«Ես ոչինչ չգիտեի այդ պատերազմի մասին, ես գիտեի, որ մենք երջանիկ ենք»,– ասում է Սելինը՝ ամուսնու ու իր մասին պատմելիս: Արցախյան առաջին պատերազմի մասնակից, նախկին ընկերների պատմելով, Արտոն փախել էր մարտի դաշտից՝ թողնելով միակ փամփուշտով լիցքավորված ատրճանակը, որով, նրա ընկերների համոզմամբ, ճիշտ կլիներ իր կյանքին վերջ տար: Սակայն Արտոն գերադասել է հեռանալ ու պատսպարվել ապահով Ֆրանսիայում՝ ուրիշի ինքնության ներքո: Նա, ի վերջո, ինքնասպան է լինում 44-օրյա պատերազմի ավարտին, հավանաբար պարտության ցավից:
Հայաստան եկած Սելինը հասնում է Ասկերան, օդ է կրակում այն միակ փամփուշտով ու այն վայրում, որտեղ Արտոյի պատճառով զոհվել են Արտոյի զինակիցները: Այդ կրակոցով սիրող կինը փորձում է վերադարձնել ամուսնու արժանապատվությունը՝ խորհրդանշական ձեւով: Բայց մեռածներին այլեւս հնարավոր չէ փրկել, դասալիքն արդեն իսկ խարան ունի ճակատին, իսկ հերոսները փրկության կարիք չունեն:
Սելինին մարմնավորել է հրաշալի դերասանուհի Կամիլ Կոտան, ֆիլմում նկարահանվել են նաեւ Զառ Ամիրը, Հովնաթան Ավետիքյանը, Շանթ Հովհաննիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Ալեքսանդր Խաչատրյանը եւ ուրիշներ:
Գուցե շատերը հիացած են այս ֆիլմով, բայց ինձ համար անսովոր էր անգամ ֆիլմի վերնագիրը. ինչպե՞ս կարող է մի դասալիքի անունով կոչվել մի ողջ ժողովրդի պայքարի մասին պատմող ֆիլմը: Հասկանում եմ, որ այդ կերպ ամուսնուն սիրող ֆրանսուհին նույն սիրով է վերաբերվում իր ամուսնու ծննդավայրին, բայց Հայաստանը ու Արցախը բնավ Արտոյի երկիրը չեն, դրանք Մոնթեինն են, Բեկորինը, Դեւինը, Ռոբերտ Աբաջյանինը, Վաչագան Մանուկյանինը, երկնային անմահ գնդի այլ մարտիկներինը, նաեւ ողջերինը… Այո, միշտ եղել են դասալիքները, շատ բարդ է դավաճանություն գործած կամ մարտի դաշտից փախած մարդու կնոջ պատմածով նրա հոգեվիճակի մասին ֆիլմ նկարելը, բայց հայրենիքը չի կարելի նույնացնել հակահերոսի հետ:
Ցավալի է, որ այդպես էլ մեր հաղթանակների մասին անկախությունից հետո որեւէ ֆիլմ չնկարվեց՝ գոնե ներքին լսարանի համար, եւ նախապատվությունը տրվում է պարտության հետեւանքներին, որովհետեւ գուցե օտարերկրյա լսարանի համար բարդ է ընկալել Արցախն ազատագրելու մասին փոքր երկրի ժողովրդի պատմությունները: Բայց չէ՞ որ կինոն ունի լայն հնարավորություններ՝ ասելիքը տեղ հասցնելու համար:
Նաեւ չէի ցանկանա, որ օտարերկրյա հանդիսատեսը Հայաստանը տեսներ աղքատ, ավերակ, մարդկանց՝ հոգեխեղված, եվրոպացի կնոջը սեռաքաղց հայացքով նայող տղամարդկանց միջոցով, ինչպես ցուցադրվում է ֆիլմում: Ինձ զարմացրեց նաեւ այն, որ հայ կինը ներկայացվում էր որպես օղի խմող, համարյա հարբեցող ու կասկածելի վարքի տեր արարած: Մի դրվագ էլ կար ֆիլմում, որից շատ նեղվեցի. Արսինեն, որին մարմնավորել է Զառ Ամիրը, Սելինին հուշում է, որ եթե նրա որդին Հայաստանի քաղաքացիություն ստանա, ստիպված է լինելու մեկնել պարտադիր զինվորական ծառայության: Ինչպե՞ս կարող է Արցախի համար կռված եւ այնտեղ գաղտնի դրոններ տեղափոխող հայ կինը նման ողորմելի խորհուրդ տալ ուրիշին: Այլ մանրամասներ էլ կան, ուղղակի չեմ ցանկանում, որ տպավորություն ստեղծվի, թե ֆիլմը փնովում եմ, հատկապես որ Թամարա Ստեփանյանը այն նկարել է՝ հաղթահարելով քաղցկեղը եւ հոր՝ Վիգեն Ստեփանյանի մահը, կարողացել է ֆիլմ ստեղծել՝ բյուրեղացնելով իր տառապանքը՝ ի դեմս ֆիլմում ներդրված ջանքերի: Բայց նաեւ չէի ցանկանա տեսնել դասալիքի մարդկայնացումը, հատկապես որ վերջին շրջանում անհարկի շահարկվում էր դասալքության թեման, նաեւ թեժ է՝ գումարով կամ գիտության հիմքով բանակից ազատվելու օրակարգը:
Չմոռանանք նշել, որ «Արտոյի երկիրը» ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ «Ոսկե ծիրանի» կայքից
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: