Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Քաղաքականություն

14.07.2026 | 14:16

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղաշինության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։ Կողմերը քննարկել են հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության, ՄԱԿ-ի բարեփոխումների և միջազգային անվտանգության հարցեր։

«Հուլիսի 13-ին Նյու Յորքում անցկացվող Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և խաղաղաշինության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանը միտված ջանքերը։ Կարևորվել է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը և փոխկապակցվածության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ տարածաշրջանի ներուժի լիարժեք իրացման համատեքստում։

Զրուցակիցները քննարկել են «ՄԱԿ80» բարեփոխումների գործընթացը։ Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է զարգացման համագործակցության, մարդու իրավունքների պաշտպանության և կանխարգելման օրակարգերի շրջանակներում ՄԱԿ կառույցների արդյունավետ գործունեության շարունակականությունն ապահովելու կարևորությունը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են նաև հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ իրականացվող աշխատանքները։

Մտքեր են փոխանակվել միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment