«Ցանկացած այլախոս այս իշխանության կողմից ճանաչվում է թշնամի»․ Լարիսա Ալավերդյան

«Հայաստանում ներքին ռասիզմի տարածումն ու դրանում ընդգրկված խավերը բավականին մեծ են։ ՔՊ-ական շատ քաղաքագետներ անգամ ասում են՝ ընդդիմությունը թշնամի է։ Ցանկացած այլախոս այս իշխանության կողմից ճանաչվում է թշնամի։ 21-րդ դարում վենդետայի մի փուլ է»,- այսօր հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով» հանձնաժողովի հրավիրած մամուլի ասուլիսում։

Իր կարծիքով՝ այժմ մի վիճակի մեջ ենք, երբ պարտավոր ենք ինչ-որ ձևով միավորվել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն էլ արձանագրում է՝ Հայաստանում այլևս սահմանադրական կարգը չի գործում։ Մի ամբողջ խմբակցություն դուրս են թողնում խորհրդարանից, օրենք են ընդունում՝ ընտրության իրավունքը սահմանափակող, գործող վարչապետը հայտարարում է, թե ով իրավունք ունի մասնակցել ընտրություններին, ով՝ ոչ, ընդդիմությանը քրեաօլիգարխիկ է անվանում, ավելին՝ ով ընդդիմությանը ձայն է տվել, ասում է՝ կաշառքով են քվեարկել։ Իհարկե, հետո շտկում է՝ ասելով, 70 տոկոսն է կաշառքով ընտրել, որպեսզի 30 տոկոս ունենա, ինչ-ինչ իրավիճակներում մարդկանց այնտեղ տեղավորելու համար։ Արդյունքում այս որակի իշխանությունը որոշում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել և երկրի համար որոշիչ հարցեր լուծել։

Ստեփան Դանիելյանի համոզմամբ՝ մինչև երկրում սահմանադրական կարգը չվերականգնվի, նման ճակատագրական հարցեր չեն կարող լուծվել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի անդամներն են․

Լարիսա Ալավերդյան — ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր

Ձյունիկ Աղաջանյան — ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Մայա Բարխուդարյան — քաղաքագետ, իրավապաշտպան

Երվանդ Բոզոյան — քաղաքագետ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու

Ստեփան Դանիելյան — քաղաքագետ

Հովհաննես Իշխանյան — իրավապաշտպան

Աննա Մկրտչյան — ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու

Զարուհի Փոստանջյան — ՀՀ ԱԺ 4-րդ և 5-րդ գումարման պատգամավոր, փաստաբան

Էլինար Վարդանյան — ՀՀ ԱԺ 5-րդ և 8-րդ գումարման պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ

Սերգեյ Սարգսյան — փաստաբան

Մարիամ Չախոյան — «Թուխմանուկ» ՀԿ նախագահ

Հանձնաժողովի նպատակներն են՝

  • Իրականացնել քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկում, արձանագրված դեպքերի փաստագրում, դրանց իրավական և հանրային գնահատում, ինչպես նաև Հայաստանում քաղաքական իրավունքների պաշտպանության առումով մշտադիտարկում։
  • Նպաստել ՀՀ-ում օրենսդրական այնպիսի մեխանիզմների ներդրմանն ու մշակույթի ամրապնդմանը, որոնց առկայության դեպքում քաղաքական դրդապատճառներով հետապնդումներին կտրվեն համարժեք պատասխաններ՝ դրանով իսկ զսպող դեր խաղալով ՀՀ-ում նման գործելաոճի խորացմանն ու տարածմանը։
  • Օգտագործելով ՀՀ հանձնառությունները միջազգային կառույցների շրջանակներում և դրանց ընձեռած վերահսկողական հնարավորությունները՝ որոշակիորեն կանխել իշխանությունների կողմից բռնապետական համակարգի ձևավորումը և զսպել բռնաճնշումների մակարդակը։

 

Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են՝

  • քաղաքական դրդապատճառներով հետապնդումների դեպքերի փաստագրումը, իրավական գնահատականների մշակումը, հանրայնացումը,
  • հանրային իրազեկման և փաստահավաք գործունեության իրականացումը,
  • պարբերական զեկույցների և հայտարարությունների հրապարակումը,
  • քաղաքական դրդապատճառներով հետապնդումները բացառող մեխանիզմների ապահովման նպատակով օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկների մշակումը, ներկայացումը և դրանց առաջմղումը,
  • սահմանված նպատակներին հասնելու համար համագործակցության հաստատումը տեղական և միջազգային կազմակերպությունների, կառույցների և գործընկերների հետ։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment