Անազատության մեջ գտնվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցներն այսօր շարունակում են իրենց բողոքի ցույցերը՝ պահանջելով վերաբացել իրենց գործարանների դռները և թույլ տալ շարունակել աշխատանքը։
«Մուլտի տաբակի» աշխատակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց վիճակը շարունակում է մնալ անորոշ, իսկ հարցերը՝ անպատասխան։ Նրա խոսքով՝ ընտրություններն ավարտվել են, ձևավորվել է նոր խորհրդարան, և թվում է, թե ընտրված պատգամավորները պետք է պաշտպանեին ընտրողների շահերը։
«ԱԺ-ում մեր ներկայացուցիչներն են, որոնք պետք է ներկայացնեին մեր հոգսերը։ Նրանցից որևէ մեկը բարձրաձայնե՞լ է մեր խնդիրը, փորձե՞լ է լուծումներ առաջարկել։ Որքա՞ն է շարունակվելու այս անորոշ վիճակը. տանը սպասե՞նք, թե՞ փողոցում»,- ասաց նա։
Աշխատակիցը շեշտեց, որ այլ աշխատանք չեն փորձում գտնել, քանի որ ցանկանում են վերադառնալ իրենց նախկին աշխատանքին։
«Ուզում ենք շարունակել աշխատել, որովհետև մեզ համար շատ լավ պայմաններ էին ստեղծված»,- նշեց նա։
Մեկ այլ աշխատակից էլ ասաց, որ պահանջում են նաև ազատ արձակել իրենց ղեկավարին՝ Գագիկ Ծառուկյանին։
«Պահանջում ենք բացել մեր գործարանը, որպեսզի շարունակենք աշխատել։ Մնացել ենք անգործ։ Ամեն մեկս մեր խնդիրներն ունենք՝ տուն ենք պահում, երեխաներ ունենք, բանկերի հետ պարտավորություններ ունենք»,- ասաց նա։
Կազմակերպության գլխավոր հաշվապահը, որը ներկայացավ Ներսես անունով, ասաց, որ կազմակերպությունը գործել է բացառապես օրենքի տառին համապատասխան, հարկերը ժամանակին վճարել է, ինչպես նաև աշխատակիցների աշխատավարձերը։
Նրա խոսքով՝ կազմակերպության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի միջոցներով փոխառություն է ներդրվել, սակայն արդեն երեք ամիս է, ինչ կազմակերպությունը գտնվում է հարկադիր պարապուրդում, և շուրջ 140 աշխատակից հարկադիր կերպով տանն են։ Ըստ նրա՝ հարկադիր պարապուրդի ընթացքում էլ իրենց աշխատակիցներին չկորցնելու համար, Ծառուկյանի ներդրած փոխառությունների հաշվին վճարվում են աշխատակիցների աշխատավարձերը:
«Փոքր բիզնեսն ու կազմակերպությունները փակելով՝ մարդկանց կանգնեցնում են հացի խնդիրը լուծելու անհրաժեշտության առաջ»,- եզրափակեց նա։
Կազմակերպության գլխավոր էներգետիկն էլ ասաց, որ հարկադիր պարապուրդի արդյունքում գործարանի հումքը փչանում է։
«Արտադրական հումքի որոշ տեսակների համար անհրաժեշտ է պահպանել հատուկ ռեժիմ՝ ապահովելով համապատասխան խոնավություն և ջերմաստիճան։ Այս հարցին պետք է շուտափույթ լուծում տրվի, որպեսզի մեծ կորուստներ չունենանք։ Որպեսզի հումքը չփչանա, և այսքան ընտանիքներ չմնան առանց ֆինանսական աջակցության։ Հիմա չենք կարողանում պատշաճ կերպով կարգավորել ջերմաստիճանն ու խոնավությունը, և արդեն սկսվել է հումքի փչացման գործընթացը։ Կբախվենք մեծ կորուստների, որոնք կապված են մեծ ֆինանսական վնասների հետ»,- ասաց նա։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: