Չինաստանի արտահանումը հունիսին տարեկան կտրվածքով աճել է 27%-ով՝ հասնելով 412.39 մլրդ դոլարի, հայտնել է երկրի Գլխավոր մաքսային վարչությունը (ԳՄՎ)։
Ներմուծումն աճել է 36%-ով՝ կազմելով 286.76 մլրդ դոլար։
Արտահանման աճը դարձել է ընթացիկ տարվա սկզբից ի վեր ամենաբարձրը, իսկ ներմուծման աճը՝ ամենաբարձրը 2021 թվականի հունիսից ի վեր։ Երկու դեպքում էլ գրանցվել է պատմական առավելագույն ծավալ։
Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինում կանխատեսում էին արտահանման 18.2% և ներմուծման 24% աճ։
Հունիսին Չինաստանի արտահանումը դեպի Ճապոնիա աճել է 6.9%-ով, դեպի Հարավային Կորեա՝ 42.6%-ով, դեպի ԱՄՆ՝ 13.9%-ով, դեպի Ավստրալիա՝ 29.8%-ով, դեպի ASEAN-ի անդամ երկրներ՝ 34.6%-ով, իսկ դեպի Եվրամիության երկրներ՝ 18.5%-ով։
Միաժամանակ ներմուծումը Ճապոնիայից աճել է 33.9%-ով, Հարավային Կորեայից՝ 85%-ով, Ավստրալիայից՝ 65.8%-ով, ASEAN-ի երկրներից՝ 26.8%-ով, Եվրամիությունից՝ 9.2%-ով, իսկ ԱՄՆ-ից՝ 25.9%-ով։
Ածխի ներմուծումն աճել է 29%-ով, բնական գազինը՝ 3.7%-ով, մինչդեռ նավթի ներմուծումը նվազել է 41.3%-ով՝ հասնելով գրեթե վերջին տասնամյակի նվազագույն մակարդակին։ Բացի այդ, Չինաստանը 10.5%-ով ավելացրել է սոյայի, 6.4%-ով՝ երկաթի հանքաքարի, իսկ 6.6%-ով՝ պողպատի ներմուծումը։
ԳՄՎ-ի տվյալներով՝ Չինաստանի արտաքին առևտրի դրական հաշվեկշիռը հունիսին կազմել է 125.625 մլրդ դոլար՝ 2025 թվականի նույն ամսվա 113.89 մլրդ դոլարի դիմաց։
Առաջին կիսամյակի արդյունքներով արտաքին առևտրի պրոֆիցիտը կազմել է 575.98 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 586 մլրդ դոլարի համեմատ։ Միաժամանակ արտահանումն աճել է 17.6%-ով՝ հասնելով 2.12 տրլն դոլարի, իսկ ներմուծումը՝ 26.6%-ով՝ կազմելով 1.55 տրլն դոլար։