Թուրքիան արագացրել է Հայաստանի հետ սահմանի «Ալիջան» անցակետի նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտնում է YesilIgdir թուրքական կայքը։
Կայքը գրում է, որ Իգդիրի նահանգապետ Ֆըրաթ Թաշոլարը տեղում վերահսկել է անցակետում շարունակվող արդիականացման ու ենթակառուցվածքային աշխատանքները և տեղեկություններ ստացել գործընթացի ներկա վիճակի մասին: Տեխնիկական պատվիրակության հետ իրականացված շրջայցի ընթացքում նահանգապետը զննել է սահմանային գծի շինություններն ու անցման երթուղիները՝ նշելով, որ աշխատանքները նախատեսվում է ավարտել կարճ ժամանակահատվածում:
Ըստ աղբյուրի՝ անցակետի գործարկման նպատակն է սահմանային առևտրի աշխուժացումը, Կովկասի ուղղությամբ լոգիստիկ երթուղիների կրճատումը և զբոսաշրջային շարժի ապահովումը։
***
Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը միակողմանի փակվել է Անկարայի կողմից 1993-ին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ 2021-ից սկսած՝ երկու երկրները վերսկսել են դիվանագիտական շփումները հատուկ ներկայացուցիչների, ԱԳ նախարարների և երկրների ղեկավարների մակարդակով։
Ալիջան-Մարգարա կամուրջը կարճ ժամանակով բացվել է 2023-ի փետրվարին, երբ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանը մարդասիրական օգնություն և փրկարարական ջոկատներ ուղարկեց Թուրքիա։
Չնայած երկու կողմերն էլ հայտարարել են սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելու պայմանավորվածության մասին, հստակ ժամկետներ դեռևս չեն հրապարակվել։ Երևանն ավելի վաղ հայտնել էր, որ սահմանի հայկական կողմում գտնվող «Մարգարա» անցակետն արդեն լիովին պատրաստ է շահագործման։
Հունվարի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում իրադարձություններ են տեղի ունենալու։
The post Թուրքիան արագացրել է «Ալիջան» անցակետի նախապատրաստական աշխատանքները․ թուրքական ԶԼՄ appeared first on CIVILNET.