Հուլիսի 14-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Բաշկորտոստանի Հանրապետությունում և Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթային օբյեկտների վրա։
Բաշկորտոստանում թիրախավորվել է «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավատ» նավթաքիմիական համալիրը։ Հանրապետության ղեկավար Ռադի Խաբիրովի խոսքով՝ Սալավատի արդյունաբերական գոտու վրա իրականացված հարձակումը զանգվածային բնույթ է կրել, սակայն հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է այն հետ մղել։ Նա նշել է, որ խոցված անօդաչուների բեկորների պատճառով ծխի օջախներ են առաջացել, սակայն տուժածներ չկան։
Միաժամանակ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Աֆիպսկիի նավթավերամշակման գործարանում։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ խոցված անօդաչուների բեկորներն ընկել են Աֆիպսկի ավանում, Սմոլենսկայա ստանիցայում և Կովալենկո խուտորում գտնվող 16 հասցեներում։ Վնասվել են առանձնատներ, բազմաբնակարան շենք, երկաթուղային անցակետի շենք, ինչպես նաև երկու ձեռնարկություն։
Բազմաբնակարան շենքերից մեկում կոտրվել են պատուհանները, վնասվել են դուռն ու առաստաղը։ Կովալենկո խուտորի ճանապարհներից մեկում բռնկված հրդեհը, ըստ պաշտոնական տվյալների, արագ մարվել է։
Սևերսկի շրջանում անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով մեկ մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։