«Հորմուզում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին մենք կարծում ենք, որ Սիրիան այս հարցում կենսական դեր կխաղա», — ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Սիրիան Հորդանանի և Սաուդյան Արաբիայի միջոցով կապված է Պարսից ծոցի, Իրաքի և Արևելքի, իսկ Թուրքիայի միջոցով՝ Եվրոպայի հետ։ Մենք ցանկանում ենք, որ այդ կապը գոյություն ունենա ոչ միայն քարտեզի վրա, այլև իրականության մեջ՝ երկաթուղիների, ավտոմայրուղիների և խողովակաշարերի միջոցով։ Մենք ցանկանում ենք կյանքի կոչել այդ նախագծերը»,- հայտարարել է Ֆիդանը։
Նախարարի խոսքով՝ Սիրիայի ռազմական ներուժին համակարգված հարվածներ հասցնելով՝ Իսրայելն անուղղակիորեն աջակցում է այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների, ինչպիսին է «Իսլամական Պետությունը»։
«Հարավում Իսրայելի հետ կայուն կարգավորման հասնելու հիմքը նույնպես պարզ է։ Դրա համար միակ իրատեսական հիմքը 1974 թվականի՝ ուժերի տարանջատման մասին համաձայնագրի վրա հիմնված անվտանգության պայմանագիրն է։ Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն այս հարցում ավելի վճռական և արդյունքին միտված դիրքորոշում կորդեգրի»,- ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարարը։