«Հրապարակ» թերթը գրում է․ Թեժ մրցակցություն է սպասվում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար։ Հատկապես ծանր մարտեր են ընթանում պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար:Մեր տեղեկություններով, առաջադրվել է չորս թեկնածու․ հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, որը նաեւ վարչության անդամ է, վարչության մեկ այլ անդամ Վիլեն Գաբրիելյանը, ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը եւ շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը:
Ուշագրավ է, որ նա անգամ բանակում չի ծառայել, սակայն հավակնում է ԱԺ պաշտպանության հանձնաժողովը ղեկավարել, նրա պաշտոնական կենսագրության մեջ էլ ծառայության մասին ոչ մի տող չկա։
Պակաս ուշագրավ չէ նաեւ Սասուն Միքայելյանի առաջադրման փաստը, սա նշանակում է, որ նա վերցնում է պատգամավորական մանդատը եւ մտնում խորհրդարան։ Մենք վերջերս գրել էինք, որ նա ուզում է մանդատը վերցնել, քանի որ առաջիկայում, ըստ լուրերի, ԵԿՄ-ն լուծարվելու է «Վետերանների միություն» ՀԿ է դառնալու։ Իսկ հանձնաժողովի գործող նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի առաջադրվել, նա իր վերջին ճեպազրույցում հայտնել էր, որ եթե խմբակցությունն ընտրի հանձնաժողովի նախագահին, ապա կառաջադրվի, եթե ոչ, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի՝ ակնարկելով, թե` քանի որ ինքն անկուսակցական է, անհավասար պայմաններում է գտնվում ՔՊ-ական թեկնածուների հետ։
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, մի շարք նախարարություններում և պետական կառավարման այլ մարմիններում վերջին շրջանում բավական մեծ թվով մարդիկ են կա՛մ արդեն ազատվել աշխատանքից, կա՛մ պատրաստվում դիմում գրել։
Բանն այն է, որ մարդկանց համբերության բաժակն արդեն լցվել է: Ընդ որում, խոսքը քաղաքական կողմնորոշման մասին չէ, քանի որ այդ մարդիկ անցած տարիներին շարունակել են աշխատել ՔՊ-ի հետ: Խոսքն այն մասին է, որ գնալով ավելի հաճախակի են դարձել պարտադրանքները՝ սոցիալական ցանցերում ակտիվորեն «շեյր անել» ոչ միայն տվյալ գերատեսչության, այլև ընդհանրապես կառավարության գործունեությանն առնչվող հրապարակումները, էլ չասած՝ Նիկոլ Փաշինյանի գրառումների մասին: Շատերի համբերության բաժակը վերջնականապես լցվել է՝ հատկապես կապված հունիսի 5-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի եզրափակիչ հանրահավաքի հետ: Բոլոր աշխատակիցներին հասկացրել են, որ այդ հավաքին ներկա լինելը խորհրդային «կամավոր-պարտադիր» սկզբունքով է, հակառակ դեպքում եզրակացություններ կարվեն: Սակայն եզրակացություններ անելուն շատերը չեն էլ սպասել, իրենք են եզրակացություն արել և ազատման դիմումներ գրել:
Մեր զրուցակիցները նաև նշում էին, որ պատճառը միայն սա չէ. այլևս անհնար է այս իշխանության օրոք աշխատել պետական կառավարման համակարգում, քանի որ նախ՝ գրեթե բոլոր համակարգերում քաոս է, պրոֆեսիոնալիզմն ու փորձառությունը որևէ դեր չունեն, աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, գումարած՝ ընթանում է տոտալ քպականացում: Մեր տեղեկություններով, ոմանք անկեղծ հույս են ունեցել, որ հունիսի 7-ի ընտրություններով իշխանափոխություն կլինի, և պետական համակարգը կընկնի ռելսերի մեջ:
«Հրապարակ» թերթը գրում է․ Չնայած Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից վերադառնալուց հետո հայտարարեց, որ արտահանումների հետ կապված խնդիրները հարթվել են, եւ շուտով կվերսկսեն հայկական ապրանքները ռուսական շուկա ուղարկել՝ ակնարկելով, որ ՌԴ վարչապետի հետ հանդիպումն արդյունավետ է անցել, եւ հարթվել են հակասությունները, սակայն մենք տեղեկացանք, որ խոշոր արտահանող ընկերություններից «Սպայկայի» աշխատողներին շուրջ երկու ամիս է՝ աշխատավարձ չեն տվել կամ մասնակի են տվել՝ պատճառաբանելով արտահանումների հետ կապված խոչընդոտները։Փորձեցինք ընկերությունից պարզաբանումներ ստանալ, սակայն որեւէ հեռախոսահամարի չպատասխանեցին։
Մյուս կողմից, եթե իսկապես Փաշինյանի ասածով խնդիրը լուծված լիներ, ապա իշխանական պրոպագանդան հարյուրավոր տեսանյութեր կտարածեր արտահանումների գործընթացի վերականգնման մասին։