Թեհրանը որևէ դեպքում թույլ չի տա ԱՄՆ-ին միջամտել Հորմուզի նեղուցի կառավարմանը․ Իրանի ԶՈՒ խոսնակ

Իրանը որևէ դեպքում թույլ չի տա Միացյալ Նահանգներին միջամտել Հորմուզի նեղուցի կառավարմանը, հայտարարել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի (Խաթամ ​​ալ-Անբիա) խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։

Զոլֆաղարին նշել է, որ Վաշինգտոնի գործողությունները սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը, միջազգային առևտրին և նավագնացությանը, մինչդեռ որոշ երկրների համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ մեծացնում է Մերձավոր Արևելքում ավելի լայն պատերազմի ռիսկը։

Ըստ նրա՝ Իրանի զինված ուժերը կոշտ կարձագանքեն ամերիկյան զինվորականների ցանկացած գործողության, որը կխոչընդոտի առևտրային և նավթային նավերի անցումը Իրանի կողմից նշանակված երթուղիներից դուրս և առանց նրա զինված ուժերի թույլտվության։

Թեհրանը նաև զգուշացրել է տարածաշրջանի երկրներին, որ Միացյալ Նահանգներին ցանկացած ռազմական կամ լոգիստիկ աջակցություն կհամարվի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության և ազգային անվտանգության դեմ ուղղված գործողություն։ Իրանը մեղադրել է Միացյալ Նահանգներին ու նրա դաշնակիցներին հակամարտության հնարավոր սրման համար։

Leave a comment