Փաշինյանի հետ սուր բանավեճի բռնված բժշկին աշխատանքից ազատել են

Մայիսի 18-ին՝ Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավ իրականացնելու ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետ սուր բանավեճի բռնված կնոջը` թիվ 16 պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Արփինե Սողոյանին, ազատել են աշխատանքից։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է նրա դուստրը՝ փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

«Երևանի պոլիկլինիկայում 21 տարվա անբասիր աշխատանքից հետո որոշվեց մայրիկիս աշխատանքից ազատել հաստիքի կրճատման հիմքով։ Այսինքն՝ այսուհետ պոլիկլինիկան կունենա կանանց կոնսուլտացիայի բաժին, բայց չի ունենա բաժնի ղեկավար։ Մի ամբողջ վարչական շրջանի հազարավոր կանայք, ներառյալ՝ ապագա մայրիկները, կմնան առանց բաժնի բազմափորձ ղեկավարի վերահսկողության։ Հաստիքի կրճատման հիմքով աշխատանքից ազատումը մայրիկիս բարեխիղճ աշխատանքի լավագույն ցուցիչն է, և մեր  ազատ խոսքը պաշտպանող «ժողովրդավարության բաստիոնի» հերթական վառ ապացույցը»,- գրել է Սողոյանը։

Նրա փոխանցմամբ՝ որպես պաշտոնական պարզաբանում՝ իրենց փոխանցել են, որ պատճառը ֆինանսական վիճակն է. «Թե բա՝ գումար չունենք։ Ավելի ծիծաղելի է դառնում, երբ համեմատում ես խրախճանքների վրա համայնքի միլիարդավոր դրամներով ծախսերի հետ»։

Ազատման պատճառների մանրամասների համար Factor TV-ն դիմեց Երևանի քաղաքապետարան, որտեղից խոստացան ավելի ուշ պարզաբանում ներկայացնել։

Հիշեցնենք՝ քարոզարշավի ժամանակ հերթական սուր բանավեճն էր տեղի ունեցել վարչապետի հետ։ Կինը մոտեցել էր Փաշինյանին և նրան մեղադրել «հայրենիքը գողանալու» և «մի ամբողջ սերունդ ոչնչացնելու» մեջ։

«Շնորհակալ եմ, որ հնարավորություն ընձեռնվեց այսքան մոտիկից նայեմ Ձեր աչքերի մեջ և ասեմ, որ Դուք գողացել եք իմ հայրենիքը։ Դուք իմ ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել։ Դուք գողացել եք իմ երեխեքին, Դուք գողացել եք իմ եղբորը։ Դուք գողացել եք իմ ուրախությունը»,- ասել էր կինը։

Զրույցը վերածվել էր բարձր տոնով վիճաբանության։

«Եթե Դուք Ռոբն եք, մենք Ձեզ կզացնելու ենք։ Ռոբին էլ, կալուգացուն էլ սատկացնելու եմ»,- պատասխանել էր Փաշինյանը։

 

Ավելի ուշ պարզվել էր, որ Փաշինյանին մոտեցած կինը մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանն է, որի հարազատ եղբայրը 44-օրյա պատերազմում անհետ կորած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանն է:

Միջադեպից մի քանի ժամ անց Սողոյանի փաստաբան դուստրը գրառում էր կատարել, որ մորը հորդորել են աշխատանքից ազատման դիմում գրել։

«Մայրս դիմում չի գրել, այս պահին աշխատանքից հեռացված չէ։ Երբ կլինի իրավական ակտ դեպքի վերաբերյալ, արդեն մեկնաբանություններ կարող եմ տալ»,- այն ժամանակ նշել էր Տաթևիկ Սողոյանը։

 

 

Ռոզա Վարդանյան 

 

Leave a comment