Ալիևը դժգոհել է Բորելից ու հայտարարել, թե, իբր, հայ օլիգարխը «հակաադրբեջանական խումբ» է ֆինանսավորել

Քաղաքականություն

13.07.2026 | 15:49

Այն ժամանակահատվածում, երբ Ժոզեպ Բորելը ղեկավարում էր եվրոպական դիվանագիտությունը, Եվրահանձնաժողովի և Ադրբեջանի հարաբերությունները գրեթե լիակատար փլուզման են գնացել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայաթափված Արցախի Շուշի քաղաքում կայացած «Մեդիայի առաքելությունը խաղաղության խթանման գործում. ճշմարտության վերականգնում և վստահության վերածնունդ» խորագրով 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի բացման արարողության ժամանակ։

Նա նշել է, թե, իբր, որոշ կոռումպացված անձինք, մասնավորապես՝ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, օգտագործել են որոշակի ֆինանսական աղբյուրներ։

«Հայ օլիգարխը նրան աջակցել է Հայաստանի հետ կապված հարցերում։ Այս ամբողջ հակաադրբեջանական խումբը գոյություն է ունեցել Եվրահանձնաժողովում։ Մենք հույս ունենք, որ Բորելը վերջնական  հեռացել է քաղաքականությունից։ Այդ ժամանակից ի վեր մեր հարաբերությունները սկսել են բարելավվել»,- հայտարարել է նա՝չնշելով, թե ինչ հայ օլիգարխի մասին է խոսքը։

Ըստ Ալիևի՝ երկու կողմերն էլ հարաբերությունները վերսկսելու անհրաժեշտություն էին զգում։

«Մենք աջակցել ենք դրան: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Բրյուսելից մի քանի այցելություններ են տեղի ունեցել: Մարտին ժամանեց ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, ապա Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը, իսկ հուլիսին՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Նրանց հրապարակային հայտարարություններից և իմ սեփական ելույթներից կարելի է տեսնել, որ երկու կողմերն էլ գոհ են համագործակցության մակարդակից»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment