Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով օկուպացված Շուշիում, հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան են տեղափոխվել ավելի քան 40 հազար տոննա տարբեր բեռներ Ռուսաստանից և Ղազախստանից։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն ինքն էլ սկսել է նավթամթերք մատակարարել Հայաստանին, ինչի արդյունքում, իր ձևակերպմամբ, Հայաստանը ձեռք է բերել մատակարարումների հուսալի աղբյուր։ «Եթե նման հնարավորություն չլիներ, Երևանը ստիպված կլիներ անհրաժեշտ ռեսուրսներ փնտրել ամբողջ աշխարհում»,- նշել է Ալիևը՝ հավելելով, որ «ներկա պայմաններում Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է»։
Թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է տնտեսագետ Հրայր Կամենդատյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ նման հայտարարությունները, հատկապես այն ֆոնին, երբ Ռուսաստանից հնչում են ակնարկներ, որ Հայաստանի համար գազի գինը կարող է բարձրանալ։
Անդրադառնալով հարցին՝ եթե Ադրբեջանի տարածքով տարանցվող բեռների ծավալներն աճեն, ինչ տնտեսական օգուտ կարող է ստանալ Հայաստանը, տնտեսագետը նշեց․ «Ադրբեջանի նախագահն անընդհատ հարձակողական, նսեմացնող բնույթի հայտարարություններ է անում Հայաստանի հասցեին։ Իսկ ինչ վերաբերում է տնտեսական համագործակցությանը, Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը որդեգրել է եվրոպամերձ քաղաքականություն, որի համար մենք պատասխան ենք տալիս։ Ռուսական կողմը փորձելու է ամեն ինչ անել, որ Հայաստանում կյանքը դժվարանա։ Հիմա բոլորը սպասում են, որ գազի գինը բարձրացնելու են, և մի բան ակնհայտ է, որ Ադրբեջանը Հայաստանին գազ չի կարող տալ, դրա համար ենթակառուցվածքներ այս պահին չկան։ Ադրբեջանն այս հայտարարություններն անում է նրա համար, որ որոշակի ազդանշան տրվի եվրոպական կողմին»։
Հարցին, թե ինչ ռիսկեր կարող են առաջանալ, եթե Հայաստանը որոշ ապրանքների մատակարարման հարցում կախվածություն ձեռք բերի Ադրբեջանից, և եթե Ադրբեջանը դառնա Հայաստանի համար վառելիքի կամ տարանցման կարևոր գործընկեր, ինչ տնտեսական կամ քաղաքական պահանջներ կարող է փորձել առաջ քաշել ապագայում, Կամենդատյանը պատասխանեց․ «Առևտրային գործարքն ինքնին կախվածություն չի ստեղծում: Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունն այս ամբողջ գործընթացների մեջ՝ թե՛ առևտրային, թե՛ գործընկերային, թե՛ քաղաքական, սեղանի շուրջ նստած բանակցող կողմ չէ, սեղանին պառկած բանակցող է։ Հայաստանը ոչ թե սուբյեկտ է, այլ օբյեկտ»։
Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, ըստ որի՝ եթե Ադրբեջանը չապահովեր այդ հնարավորությունը, Հայաստանը ստիպված կլիներ անհրաժեշտ ռեսուրսներ փնտրել ամբողջ աշխարհում, տնտեսագետն ասաց. «Ադրբեջանա-թուրքական հայտարարություններ են դրանք՝ անուղեղ մարդկանց ուղղված, թե միայն Ադրբեջանը կարող է մեզ ապրանք մատակարարել»։
«Երկրում իրավիճակ է ստեղծվել, որ հյուսիսից եկող գազի հոսքը թանկանալու է, և այս ամեն ինչը հանգեցնելու է հայկական ապրանքների ինքնարժեքի բարձրացմանը, իսկ միջազգային առևտրի մեջ բարձր ինքնարժեքով հայկական կողմն անելիք չունի»,– եզրափակեց տնտեսագետը։
Ալիտա Եղիազարյան