ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 62-րդ նստաշրջանստաշրջանում Հայաստանը հանդես եկավ որպես մի շարք բանաձևերի համահեղինակ

2026 թվականի հունիսի 15-ից հուլիսի 8-ը Ժնևում կայացավ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 62-րդ նստաշրջանը։

Նստաշրջանի քննարկումների ուշադրության կենտրոնում էին մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք թեմատիկ ուղղություններ, հատուկ ընթացակարգերի մանդատների շրջանակներում ներկայացված զեկույցները, ինչպես նաև առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակները։

ՀՀ պատվիրակությունը ՄԻԽ 62-րդ նստաշրջանի ընթացքում հանդես եկավ 29 թեմատիկ ելույթով և միացավ 9 համատեղ հայտարարության։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրքի տարեկան զեկույցի քննարկման ընթացքում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ ընդգծելով, որ վստահության կառուցումը, մարդասիրական հարցերի հասցեագրումը, այդ թվում՝ պահվող անձանց ազատ արձակումը, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի ապահովումը տարածաշրջանում կայուն խաղաղության և հաշտեցման կարևոր նախադրյալներ են։

Հայաստանի պատվիրակությունը նստաշրջանի ընթացքում հանդես եկավ թեմատիկ հարցերի շուրջ ելույթներով՝ անդրադառնալով ժողովրդավարական բարեփոխումներին, կրթության իրավունքին, գենդերային հավասարությանը, խոսքի ազատությանը, ինչպես նաև սոցիալական պաշտպանության, միգրացիայի և մարդու իրավունքների օրակարգին վերաբերող մի շարք այլ հարցերի։

Նստաշրջանի ընթացքում ընդունվեց շուրջ հիսուն բանաձև, այդ թվում ՄԻԽ 20-ամյակի կապակացությամբ ընդունված հոբելյանական բանաձևը, որով վերահաստատվում է Խորհրդի առանցքային դերը մարդու իրավունքների միջազգային համակարգում և կարևորվում են դրա գործունեության արդյունավետության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերը։ Հայաստանը հանդես եկավ որպես բանաձևի համահեղինակ։

Հայաստանը, որպես նախաձեռնող խմբի անդամ, մասնակցեց Մարդու իրավունքների խորհրդի՝ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) կամավոր հիմնադրամների վերաբերյալ թեմատիկ բանաձևի ներկայացման գործընթացին։ Խորհրդի կողմից առանց քվեարկության ընդունված այս բանաձևն ուղղված է ՀՊԴ գործընթացի շրջանակներում պետությունների արդյունավետ մասնակցության խթանմանն ու ՀՊԴ հանձնարարականների իրականացման համար կարողությունների ամրապնդմանը։

Նստաշրջանի ընթացքում Հայաստանը նաև հանդես եկավ որպես մի շարք բանաձևերի համահեղինակ՝ այդ թվում կրթության իրավունքի, խաղաղ հավաքների ազատության, ապատեղեկատվության դեմ պայքարի, կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության վերացման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, դատավորների և իրավաբանների անկախության, ինչպես նաև ծայրահեղ աղքատության և մարդու իրավունքների վերաբերյալ թեմատիկ բանաձևերի ներկայացման շրջանակներում։

Նստաշրջանի ընթացքում Հայաստանի կողմից կազմակերպվեցին մի շարք հարակից միջոցառումներ։ Մասնավորապես, Հայաստանի, Ֆրանսիայի, Էստոնիայի, Կոստա Ռիկայի, Չիլիի, Ճապոնիայի, Մեքսիկայի և Կորեայի Հանրապետության նախաձեռնությամբ համատեղ անցկացվեց «From Rights to Architecture: Women, Girls, and the Governance of Artificial Intelligence» խորագրով քննարկումը, որը նվիրված էր ժամանակակից տեխնոլոգիաների և արհեստական բանականության համատեքստում կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությանը։ Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ Խտրականության դեմ կանանց և աղջիկների հարցերով աշխատանքային խմբի, «Women at the Table» և «Plan International» կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ ՀՀ մշտական ներկայացուցիչը միջոցառմանը հանդես եկավ բացման խոսքով։

Ֆրանկոֆոնիայի համագործակցության շրջանակում Հայաստանի, Մարոկկոյի, Ռուանդայի, Ֆրանսիայի, Կանադայի և Լիբանանի համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց «L’Appel de Kigali et l’Égalité Femmes-Hommes : Accélérer les Droits des Femmes au sein de l’Espace Francophone» խորագրով հարակից միջոցառումը՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի տարածքում կանանց իրավունքների և գենդերային հավասարության խթանմանը։ ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդես եկավ եզրափակիչ ելույթով։

Երեխայի իրավունքների կոմիտեի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ անցկացվեց «Caring in the Shadows: The Urgency of Enhancing the Protection and Empowerment of Young Carers» խորագրով հարակից միջոցառումը, որի համակազմակերպիչներն էին Հայաստանը, Մարոկկոն, Իսլանդիան, Իռլանդիան, Մեքսիկան և Կորեայի Հանրապետությունը։ ՀՀ մշտական ներկայացուցիչը միջոցառմանը հանդես եկավ բացման խոսքով։

Որպես Համընդհանուր պարբերական դիտարկման բարեկամների խմբի անդամ՝ Հայաստանը համահեղինակեց «UPR Voluntary Funds. Supporting States, Realizing Rights» խորագրով հարակից միջոցառումը, որի ընթացքում քննարկվեցին ՀՊԴ մեխանիզմի իրականացմանն աջակցող կամավոր հիմնադրամների գործունեությունն ու հետագա զարգացման ուղղությունները։ ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդես եկավ եզրափակիչ ելույթով։

Ի շարունակություն նախորդ տարի հիմնադրված ավանդույթի՝ Շախմատի համաշխարհային օրվան ընդառաջ Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում կազմակերպեց շախմատի դիվանագիտական երկրորդ մրցաշարը։ Մրցաշարն անցկացվեց ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի հովանու ներքո՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի Խաղաղության համալսարանի (UPEACE), Շվեյցարիայի և Հայաստանի շախմատի ֆեդերացիաների, ինչպես նաև Ժնևի շախմատի ակումբի հետ համագործակցությամբ։ Շվեյցարիայի շախմատի ֆեդերացիայի կողմից մրցաշարի շրջանակներում կազմակերպվեց նաև շախմատի միաժամանակյա խաղ՝ միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի մասնակցությամբ։

ՄԻԽ հաջորդ՝ 63-րդ նստաշրջանը կմեկնարկի 2026 թվականի սեպտեմբերի 7-ին։

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment