Օդեսայի նավահանգստում ռուսական հարվածից Տոգոյի դրոշի ներքո նավարկող քաղաքացիական նավի անձնակազմի 3 է անդամ զոհվել

Քաղաքականություն

13.07.2026 | 14:49

Ուկրաինայի Օդեսայի մարզում հանքային պարարտանյութեր բեռնաթափելիս Ռուսաստանը հարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող քաղաքացիական առևտրային նավի։ Այս մասին հայտարարել է վերակառուցման հարցերով Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Նավին հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Դժբախտաբար, անձնակազմի երեք անդամ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել»,- գրել է նա տելեգրամում։

Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են, ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։

«Նման հարձակումները սպառնում են միջազգային նավագնացության անվտանգությանը, համաշխարհային առևտրի կայունությանը և համաշխարհային պարենային անվտանգությանը»,- ընդգծել է Կուլեբան։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը երկուշաբթի առավոտյան հաղորդել է Չեռնոմորսկին (Օդեսայից մոտավորապես 20 կմ հեռավորության վրա գտնվող նավահանգստային քաղաք), այդ թվում՝ երկու ծովային լաստանավերի և «ուկրաինական զինված ուժերի համար բեռ տեղափոխող» կոնտեյներային նավին հարվածների մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment