Արդեն մեկ շաբաթ է՝ անորոշ վիճակում են Գագիկ Ծառուկյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները։ Նրանք նույնպես այսօր բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով բացել ընկերությունը և թույլ տալ աշխատել։
«Եթե չի բացվելու, գոնե ամեն մեկս գնանք մեր գլխի ճարը տեսնենք։ Անորոշ վիճակ է, ոչ ոք ոչ մի պատասխան չի տվել։ Ներկա պահին սպասում ենք, իսկ եթե ոչ, բարձրանալու ենք Աբովյանի Քննչական կոմիտե, որտեղից էլ եկել, կապարակնքել են։ Եթե այստեղից պատասխան չստանանք, գնալու ենք Սևան–Երևան մայրուղին փակենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ընկերության աշխատակիցներից մեկը։
Այս ընկերության աշխատակիցները ևս բարձրաձայնում են վարկերի և այլ պարտավորությունների հարցը, որը թակել է իրենց դուռը:
«Հիսուս Քրիստոսի արձանի մշակվող քարերը հենց մեր գործարանից են։ Եթե այստեղից հումքը չի ուղարկվում այնտեղ, կանգնած է կառուցման ընթացքը։ Խայտառակ վիճակ է։ Եթե հարց ունեն Գագիկ Ծառուկյանի հետ, թող նստեն բանակցեն Գագիկ Ծառուկյանի հետ։ Գագիկ Ծառուկյանի աշխատակիցներն ի՞նչ մեղք ունեն»,- ասաց «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցներից մեկը:
Մեկ այլ աշխատակից ասաց, որ պահանջում են հնարավորինս շուտ բացել բոլոր աշխատատեղերը.
«Հասարակ բանվոր ժողովուրդը չգիտի՝ ինչ անի»։
Հ.Գ. Ի դեպ, Աբովյանի քննչական մարմնից քաղաքացիները, չստանալով իրենց հարցերի պատասխանները, այս պահին շարժվում են դեպի Սևան–Երևան մայրուղի։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: