Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ պատասխան հարվածների արդյունքում թիրախավորվել են ԱՄՆ-ի մի շարք ռազմական օբյեկտներ Մերձավոր Արևելքում։
ԻՀՊԿ-ի հաղորդմամբ՝ հարվածներ են հասցվել Հորդանանում տեղակայված ամերիկյան ավիաբազայի հրթիռային պահեստներին, Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմաբազայի ենթակառուցվածքներին, ինչպես նաև Քուվեյթի ամերիկյան ռազմաբազաներում ոչնչացվել են Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր և FPS տեսակի ռադարներ։
Միաժամանակ, ըստ հաղորդագրության, ամերիկյան զինված ուժերը հարվածներ են իրականացրել Իրանի տարածքում, ինչպես նաև Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզու օբյեկտներին։
IRNA պետական լրատվական գործակալության տեղեկություններով՝ Խուզեստան նահանգում ԱՄՆ-ի հարվածի հետևանքով վնասվել է պոմպակայան, զոհվել է մեկ մարդ, ևս չորսը վիրավորվել են։ Գործակալությունը դեպքի այլ մանրամասներ չի հաղորդում։
Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխադարձ հարվածները ազդեցություն են ունեցել նաև համաշխարհային էներգետիկ շուկայի վրա։ Brent տեսակի նավթի գինը աճել է ավելի քան 3 տոկոսով՝ գերազանցելով մեկ բարելի դիմաց 78 ԱՄՆ դոլարի սահմանը։