Ձկնամթերքը ԵՄ արտահանելու թույլտվությունն ուժի մեջ է. օրենսդրական փաթեթը կձևավորի իրավական հիմք


2025-ից ուժի մեջ է ԵՄ ձուկ և ձկնամթերք արտահանելու թույլտվությունը, սակայն Եվրոպա դուրս գալու համար պահանջվող ընթացակարգերը ժամանակ են պահանջում:


2025-ին արտահանվող ձկնամթերքի գրեթե 90 տոկոսը Ռուսաստան է գնացել: Տնտեսվարողներն ու փորձագետները վստահեցնում են՝ Հայաստանում կան ձկնամթերքի այնպիսի արտադրություններ, որոնք համապատասխանում են Եվրամիության չափանիշներին:


Կան տնտեսվարողներ, որ արդեն ԵՄ առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցվելու հայտ են ներկայացրել, շուկայի ուսումնասիրություն իրականացրել: Օրենսդրական ամբողջ փաթեթը պատրաստ լինելուն պես կձևավորվի նաև դեպի Եվրամիություն ձկան և ձկնամթերքի արտահանման համար անհրաժեշտ ամբողջական իրավական հիմքը։


ԱԺ-ում արդեն իսկ ընդունված օրենքով՝ լիազորող մարմինը ՍԱՏՄ-ն է, որն էլ տնտեսվարողի պայմանների ստուգում է իրականացնում և հայտ ներկայացնում Եվրոպական հանձնաժողովի հաստատմանը:


Ձկնամթերքի արտահանման համար պետության փոխհատուցումը շոշափելի են համարում տնտեսվարողները, որոնք այժմ էլ հնարավորություն ունեն դուրս գալ տարբեր շուկաներ: Աջակցության ժամկետը, իհարկե, սահմանափակ է, բայց երբ Եվրամիություն արտահանելու հնարավորություն էլ ունենան, կառավարությունը պատրաստակամ է վերանայել որոշումը:


Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան

Դիտումների քանակ7

Leave a comment