ՀՀ–ում 19 տարվա ընթացքում ամենաշուտը Վարդավառը նշվել է 2008 թվականի հունիսի 29-ին, իսկ ամենաուշը` 2011 թվականի հուլիսի 31-ին։
Նշենք, որ այսօր Հայ առաքելական սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից երրորդն է՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը։ Նույն օրը ՀՀ ողջ տարածքում նշվում է նաև հեթանոսական Վարդավառը: Այն շարժական տոն է և ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 98 օր հետո՝ կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած հատվածում:
Հիշեցնենք, որ Վարդավառը իր ծագմամբ հեթանոսական տոն է, որը կապված էր Աստղիկ և Անահիտ աստվածուհիների պաշտամունքի հետ։ Ասվում է, թե հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և զոհաբերություններ անելով դաշտը հովանավորող ուժերին։ Այսպես, տոնահանդեսի անհրաժեշտ դրսևորումներից էր հասկի փնջեր և նույնիսկ խրձեր տանել մեհյանները` շնորհակալության տուրք մատուցելով այդ հասկի աճելուն օժանդակած աստվածներին, գառ զոհաբերել ջրերի ակունքների մոտ՝ ջրերի ոգիներին աղերսվող ուխտավայրերում, մեծարելով դաշտային աշխատանքներին խիստ անհրաժեշտ ջուրը հովանավորող ուժերը։