Տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը

Տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 28-ին տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը։

Օրենսդրական նախագծերի շուրջ հանձնաժողովներում ծավալված քննարկումները տեղափոխվել են Ազգային ժողովի նիստերի դահլիճ։

Ծրագրի մասնակիցներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ երիտասարդները պետք է մշտապես թարմացնեն քաղաքական դաշտի ներկապնակը։ Դիմելով երիտասարդներին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ցանկանում է տեսնել նրանց՝ որպես Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության պաշտպանների։

Ազգային ժողովի հետ համագործակցությունը և երիտասարդներին գործունեության նոր հնարավորությունների ընձեռումը կարևորել է ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին։ «Միշտ հիշեք, որ երիտասարդների ձայնը, գաղափարները կարևոր են, և Հայաստանում ունեցած ձեր ներդրումն էական է»,- նշել է նա:

Կարևորելով ծրագրի իրագործումը՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանն ընդգծել է այս օրերին երիտասարդների ցուցաբերած համախմբված ջանքերն ու մասնագիտական պատասխանատվությունը։ Նա նշել է, որ բոլորի գործունեության նպատակը պետության առավել հզորացումն է, հասարակության զարգացմանը նպաստելն ու պետականության շարունակական ամրապնդումը։

Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 3 օրենսդրական նախաձեռնություն: Զեկուցողները ներկայացրել են օրենքների նախագծերը․ փոփոխություններ «Տեղական ինքնակառավարման մասին», լրացումներ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներում, ինչպես նաև «Երիտասարդ գիտահետազոտողների պետական և մասնավոր ֆինանսավորման ծրագրի ստեղծման մասին» օրենսդրական նախաձեռնություն։

Քննարկումներում երիտասարդները ներկայացրել են իրենց հուզող խնդիրների իրավական լուծումները:

Քվեարկության արդյունքներով հավանության արժանացած «Երիտասարդ գիտահետազոտողների պետական և մասնավոր ֆինանսավորման ծրագրի ստեղծման մասին» օրենքի նախագիծը կներկայացվի քննարկման Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից մեկում։

Ամփոփելով կատարված աշխատանքները՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանն ընդգծել է, որ «Երիտասարդական խորհրդարան» ծրագիրն ապաքաղաքական է և մասնակիցներին օրինաստեղծ գործունեություն ծավալելու հնարավորություն է ընձեռում։ Նշվել է, որ այն երիտասարդների համար արժեքավոր փորձառություն է։

Leave a comment