Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ստորագրել է հրամանագիր, որով Վասիլե Տոֆանին առաջադրել է վարչապետի թեկնածու։ Նշանակումը տեղի է ունեցել խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցություններից հետո, հայտարարել է նախագահի մամուլի ծառայությունը։
Սահմանադրության համաձայն՝ «նշանակված թեկնածուն պետք է նշանակումից հետո 15 օրվա ընթացքում դիմի խորհրդարանին՝ գործունեության ծրագրի և կառավարության ամբողջական կազմի նկատմամբ վստահության քվե ստանալու խնդրանքով»,- ասվում է հայտարարության մեջ։
Սանդուն վստահ է, որ Տոֆանը կլուծի Մոլդովայի առջև ծառացած երեք կարևորագույն խնդիրները՝ Եվրամիությանը Մոլդովայի ինտեգրվելու բոլոր պայմանների կատարումն առաջիկա տարիներին, պետական ինստիտուտների և հասարակության կայունության ամրապնդումը և տնտեսության վերականգնումն ու վերագործարկումը:
Ինքը՝ Տոֆանը, նշել է, որ իր առաջադրումը համարում է «ոչ թե մեծ ձեռքբերում, այլ մեծ պատասխանատվություն»։ Նա ապագա կառավարության համար առանձնացրել է երեք հիմնական առաջնահերթություն՝ կառավարության նկատմամբ հանրային վստահության վերականգնում, տնտեսության բարելավում և արդյունավետ թիմի ստեղծում։
Թոֆանը 44-ամյա գործարար է, Horizon Capital հիմնադրամի ներդրող, որը մոտավորապես 1,6 միլիարդ դոլարի (1,4 միլիարդ եվրո) ակտիվներ է կառավարում և մասնագիտանում է Ուկրաինայում ու Մոլդովայում ներդրումների մեջ։ 2025 թվականին Տոֆանը հիմնադրել է «Եվրոպա 2028» հասարակական շարժումը, որը միավորել է երկրի 28 հայտնի ձեռնարկատիրոջ։