Վրաստան-Հայաստան սահմանին ձերբակալվել է հնարավոր դիվերսիոն գործողություններ իրականացնող անձը

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտնել է, որ Վրաստան-Հայաստան սահմանին՝ երկու երկրների սահմանային անցակետերի միջև գտնվող չեզոք գոտում, ձերբակալվել է 2025 թվականի հոկտեմբերի 4-ի գործով հետախուզման մեջ գտնվող Վրաստանի քաղաքացին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՊԱԾ ղեկավարի տեղակալ Լաշա Մաղրաձեն։

ՊԱԾ-ի տվյալներով՝ ձերբակալվածը մեղադրվում է մեծ քանակությամբ հրազենի, ռազմամթերքի և պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերման և պահման մեջ։ Քննության վարկածով՝ դրանք նախատեսված էին 2025 թվականի հոկտեմբերի 4-ի իրադարձությունների ընթացքում հնարավոր դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, որոնք իշխանությունները կապում են կազմակերպված զանգվածային բռնությունների և նախագահի նստավայրը զավթելու փորձի հետ։

Գերատեսչությունը հիշեցրել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին Թբիլիսիի մերձակայքում գտնվող անտառային տարածքում հայտնաբերվել էր գաղտնի պահոց, որտեղ կային հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և դետոնատորներ։ Նախկինում հրապարակված քննչական նյութերի համաձայն՝ այնտեղ հայտնաբերվել էին գնդացիր, երկու ինքնաձիգ, նռնականետ, հակատանկային զինամթերք, մեծ քանակությամբ փամփուշտներ, տրոտիլ և էլեկտրադետոնատորներ։

Քննության վարկածով՝ ձերբակալվածը սպառազինությունը ձեռք է բերել Ուկրաինայում գործող վրացական ռազմական ստորաբաժանումներից մեկի ներկայացուցչի հանձնարարությամբ։ Այդ անձի ինքնությունը պաշտոնապես չի հրապարակվում։ Բացի այդ, ՊԱԾ-ն հայտնել է, որ շարունակում է պարզել ձերբակալվածի և, ըստ քննության, նրան հանցավոր հանձնարարություններ տված անձանց հնարավոր կապերը Բաչանա Ախալայայի, Պաատա Բուրչուլաձեի և 2025 թվականի հոկտեմբերի 4-ի գործով անցնող այլ անձանց հետ։

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ձերբակալվածը Բեկա Չուլուխաձեն է, սակայն Պետական անվտանգության ծառայությունը պաշտոնապես չի հաստատել նրա ինքնությունը։ Ավելի վաղ Չուլուխաձեն հերքել էր իր դեմ առաջադրված մեղադրանքները՝ հայտարարելով, որ որևէ կապ չունի հայտնաբերված զենքի հետ և քրեական հետապնդումը համարում է անհիմն։

Ավելի վաղ Բեկա Չուլուխաձեի անունը նաև հիշատակվել էր Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններում՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ ենթադրյալ մահափորձի նախապատրաստման գործի համատեքստում։ Միևնույն ժամանակ, ՍԱԾ-ի ներկայիս հայտարարությունում ձերբակալությունը կապվում է բացառապես 2025 թվականի հոկտեմբերի 4-ի գործի հետ, իսկ Իվանիշվիլիի դեմ ենթադրյալ մահափորձի գործով Չուլուխաձեին մեղադրանք ներկայացնելու վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չի հրապարակվել։

ՊԱԾ-ում հայտնել են, որ նախաքննությունը շարունակվում է։ Բացի զենքի և ռազմամթերքի ապօրինի ձեռքբերման ու պահման մեղադրանքից, քննությունը նաև ապացույցներ է հավաքում հնարավոր դիվերսիոն գործողության նախապատրաստման և պետական սահմանն ապօրինի հատելու հնարավոր փորձի ուղղությամբ։

Աղբյուրը՝ vectornews.ge

Leave a comment