Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում


Հուլիսի 8-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Հայաստանի մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ում, ՖԻԴԵ-ի Սոցիալական հանձնաժողովի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցությամբ անցկացրեց միջոցառում՝ Շախմատի միջազգային օրվան ընդառաջ: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:


 


Միջոցառմանը մասնակցեցին ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։


 


Ողջույնի խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան և Հայաստանի մշտական ներկայացուցիչ ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Հասմիկ Տոլմաջյանը։ ՖԻԴԵ-ի Սոցիալական հանձնաժողովի նախագահ և Շվեյցարիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Անդրե Վյոգտլին ներկայացրեց սոցիալական շախմատի միջազգային ծրագրերը։


 


Ներկայացվեցին ՖԻԴԵ-ի կարևոր սոցիալական նախաձեռնությունները՝ «Chess for Freedom»՝ Միխայիլ Կորենմանի ղեկավարությամբ, որն աջակցում է բանտարկյալների վերականգնմանը և մտավոր զարգացմանը, «Chess for Protection»՝ ուղղված փախստականների և տեղահանված անձանց աջակցությանը, «Infinite Chess»՝ Ջոնաթան Չենի մասնակցությամբ, որն օգնում է աուտիզմ ունեցող երեխաների զարգացմանը, և «Chess for Hope»՝ Պրաբիթա Ուրվիլերի ղեկավարությամբ, որը շախմատը հասանելի է դարձնում սոցիալապես խոցելի համայնքներին։


 


Օրվա կարևորագույն իրադարձությունը աշխարհահռչակ գրոսմայստեր Լևոն Արոնյանի միաժամանակյա խաղն էր 25 մասնակիցների հետ։ Խաղը մեծ հետաքրքրություն առաջացրեց դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում։


 


Միջոցառումը կարևոր քայլ էր՝ ընդգծելու շախմատի դերը որպես սոցիալական ներառման, կրթության, դիվանագիտության և միջազգային համագործակցության արդյունավետ գործիք։ Կազմակերպիչները նախատեսում են շարունակել այս նախաձեռնությունը՝ այն դարձնելով ամենամյա ավանդույթ։

Դիտումների քանակ6

Leave a comment