ԿԳՄՍ նախարարությունը որոշել է հերթական ապազգային քայլն անել եւ հարվածել հայկական ինքնությանը: Օրերս ԿԳՄՍՆ-ից հաղորդագրություն տարածեցին, թե Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների հետ կապված նոր նախագիծ են գործարկում, եւ «ճարտարապետական նախագծի հայեցակարգային առաջարկների հավաքագրման» մրցույթ է հայտարարվել՝ «բաց հրավեր»՝ ուղղված «Հանրապետության հրապարակում տեղակայված թանգարանային շենքում գործող Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տարածքների ընդլայնման եւ զարգացման ճարտարապետական նախագծի գաղափարների ու հայեցակարգային առաջարկների հավաքագրմանը՝ դիտարկելով նաեւ Հանրապետության հրապարակի ստորգետնյա հնարավոր տարածքների ներառումը»։ Ժամանակին այս հատվածում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հրապարակի տակ ինչ-որ հին շինության հետքեր են հայտնաբերվել, սակայն քանի որ նախկինները հայկական իշխանություններ էին, դրա մասին չթմբկահարեցին, որ չստացվի, թե Երեւանի հենց սրտում օտար բնակության հետք կա, որը հայկական չէ։
Պատմաբաններն ասում են, որ այս քայլով իշխանությունները, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը, ցանկանում են հայ ժողովրդին ապացուցել, որ Երեւանում հայերից առաջ ապրել են պարսիկներ, քանի որ վերոնշյալ տարածքներում 1-2 դար առաջվա հետքեր են հայտնաբերվել՝ պարսկական ինչ-որ շուկա: Ի՞նչ արժեքավոր պատմական ժառանգություն կա հրապարակի ստորգետնյա մասում, որ իշխանությունները փորձում են Երեւանի Հանրապետության հրապարակը քարուքանդ անել, միլիարդներ վատնել այդ ամենի վրա եւ օտար բնակության հետքն ասպարեզ հանել: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ, Երեւանի պատմության թանգարանի նախկին տնօրեն Արմինե Սարգսյանի հետ:
– Ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունը որոշել Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների ներառմամբ թանգարանային համալիրի ընդլայնման ճարտարապետական նախագիծ իրականացնել: Ի՞նչ կա այնտեղ այդքան կարեւոր ու արժեքավոր: Պատմաբաններն ասում են, որ պարսկական հետք է այնտեղ, եւ իշխանությունը փորձում է հերթական անգամ հայ հանրությանը համոզել, որ Երեւանը հայկական քաղաք չէ:
– Հնագետները, երբ շատ տարիներ առաջ պեղումներ էին իրականացնում, անգամ ասում էին, որ, ըստ հետազոտությունների, այդ կառույցները անգամ մոնղոլական ժամանակներից են եկել, բայց քանի որ ես պեղողների շարքերում չեմ եղել, չեմ կարող նման բան պնդել: Ամեն դեպքում, ես մի բան կարող եմ հստակ նշել, որ տվյալ վայրում որեւէ արժեքավոր ժառանգություն չկա, այդ մասին փաստել են տարբեր հնագետներ: Դրանք այն կառույցները չեն, որոնք կարող են դառնալ թանգարանային մեծ համալիր: Եթե ցանկանում են արժեքավոր հայկական հետք գտնել, ապա Երեւանի տարածքում շատ ավելի հին եւ արժեքավոր հնավայրեր կան, որոնք կարելի է վերականգնել, նաեւ դարձնել տուրիստական այցելությունների վայր, ինչպես, օրինակ, ԽՍՀՄ տարիներին Կարմիր բլուրն էր:
Կարմիր բլուրի տարածքը մի հրաշալի անտառապատ տարածք էր, որտեղ անդադար զբոսաշրջիկներ էին գալիս, նույնը Շենգավիթ հնավայրի մասին է, որն ունի հին պատմություն: Այն Երեւանի առաջին քաղաքատիպ բնակավայրն է եղել, որտեղ ապրել են մեր նախնիները: Ինչ վերաբերում է Կարմիր բլուրին, այն ուրարտական ժառանգություն է, իսկ Ուրարտու պետության ժառանգորդները մենք` հայերս ենք: Ի վերջո` ունենք Էրեբունի ամրոց, որը Երեւանի հիմնադրումն է, այնտեղից է սկսվում Երեւանը: Ամրոցը կարելի է բարեկարգել, ամրացնել, եւ այն ահռելի միջոցները, որոնք կիրառվելու են ինչ-որ անհայտ դամբարանների կամ ոչ կարեւոր պատմական հետքերի պեղումների համար, կարող են ուղղել հայկական հնավայրերի վերականգնմանը եւ բարեկարգմանը:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: